Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

10 րոպեի ընթերցում

Հայաստանի հանքարդյունաբերությունը պատրաստվում է դուրս գալ զարգացման նոր մակարդակ և 2027 թվականին արտահանել ռեկորդային արժեքի՝ 3 մլրդ դոլարի հանքանյութ: Մինչ այդ մասնագիտական համայնքի, պետական կառույցների, ֆինանսական հաստատությունների, ակադեմիական շրջանակների, քաղաքացիական հասարակության և այլ ոլորտների ներկայացուցիչները Ծաղկաձորում մասնակցեցին երրորդ տարին անընդմեջ կազմակերպված «Հանքարդյունաբերություն. Հայաստան» համաժողովին, որն այս անգամ անցկացվեց «Ռեսուրսներից՝ հնարավորություններ» խորագրի ներքո:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ բազմաբնույթ և բազմաբովանդակ ելույթներին և քննարկումներին ներգրավված էին Հայաստանի և 14 այլ երկրների 50-ից ավել առաջատար մասնագետներ: Ընդհանուր խորագիր՝ տարբեր թեմաներ, որոնք առնչվում էին մասնավորապես՝ համաշխարհային վերափոխմանը, ներդրումներին և պատասխանատու աճին, Հայաստանում հանքարդյունաբերության զարգացման ուղիներին, աշխատանքների ֆինանսավորմանը, տարաբնույթ համագործակցության զարգացմանը, զարգացող շուկաներում առկա ռիսկերին, հանքային հումքի համաշխարհային մատակարարման շղթաների փոփոխությանը, ներդրումային գրավչությանը, կարգավորումների կանխատեսելիությանը, շրջակա միջավայրի պաշտպանությանն ու հանրային ակնկալիքներին, ոլորտին առնչվող իրավաբանական կարգավորումներին, թափոնների կառավարմանը, համայնքների և գիտնականների հետ համագործակցությանը, անգամ՝ ոլորտում արհեստական բանականության և թվային տեխնոլոգիաների ներդրմանը։

Համաժողովի ընթացքում ազդարարվեց լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոնի ստեղծման ուղղությամբ համագործակցության վերաբերյալ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ու Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման մասին: Կենտրոնը դառնալու է հետազոտությունների, քաղաքականության վերլուծության և պետական ու մասնավոր հատվածների երկխոսության համատեղ հարթակ՝ նպաստելով հիմնավորված որոշումների կայացմանը և ոլորտի կայուն զարգացմանը։

Միջոցառմանն այցելած վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ելույթում կարևորեց այն հանգամանքը, որ այս տարի ֆորումն անցկացվում է COP17-ին զուգահեռ։

«Սա ևս մեկ լավ առիթ է մեր ուշադրությունը հրավիրելու կարևոր հարցի, այն է՝ Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը։ Ակնհայտ է, որ էկոլոգիական ստանդարտների խնդիրը Հայաստանում և ամենուր ավելի արդիական է դառնում։ Չեմ կարող ասել, որ մենք այս ուղղությամբ որևէ քայլ չենք կատարել, բայց չենք էլ կարող խոսել տեսանելի ապագայում այս խնդիրը լուծված համարելու մասին: Կարող ենք հստակ արձանագրել՝ ոլորտում կան մեծ հնարավորություններ, նաև մարտահրավերներ»,- նշեց նա։

Նիկոլ Փաշինյանը կարևորելով հանքարդյունաբերության դերը Հայաստանի տնտեսությունում՝ նշեց ոլորտի նկատմամբ ինստիտուցիոնալ մոտեցման ցուցաբերման անհրաժեշտությունը: Նա ընդգծեց նաև, որ Կառավարությունը ցանկալի է համարում Հայաստանում հանքարդյունաբերության արտադրական շղթայի հնարավորինս երկարացումը և բարձրարժեք արտադրանքի թողարկումը: 

«Գիտեք, որ հանքարդյունաբերական մի քանի ընկերություններում ՀՀ կառավարությունն ունի մասնաբաժին, բայց դա մեր պատկերացրած մոտեցումը չէ: Դա մենք, ըստ էության, իրադրությունից բխող առանձին քայլեր ենք կատարել, բայց այստեղ շատ կարևոր է ինստիտուցիոնալ մոտեցում ցուցաբերելը: Իմ կարծիքով՝ դա ոլորտի բաց բաժնետիրացումն է: Նկատի ունեմ ընկերությունների ցուցակման գործընթացը ֆոնդային բորսաներում: Հաջորդ հարցը, որը շատ էական եմ համարում Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում, բայց սա ավելի շատ ցանկություն է, որովհետև անհրաժեշտ են ավելի խորը փորձագիտական գնահատականներ, կուզենայինք, որ Հայաստանում հանքարդյունաբերության շղթաները հնարավորինս երկարեին»,- նշեց կառավարության ղեկավարը։

Սակայն, ոլորտի զարգացման համար կարևոր է իրականացնել նաև այլ գործնական քայլեր: Դրանցից մի քանիսին ուշադրություն հրավիրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը.

«Քայլերը, որ արդեն սկսել ենք ոլորտի զարգացման ուղղությամբ, մեզ կտա հնարավորություն մի քայլ առաջ գնալ: Արդեն սկսել ենք թվայնացման գործիքների լայն կիրառումը: Մասնավորապես, ընդերքօգտագործման բոլոր թույլտվություններն առաջիկայում կտրվեն միասնական համակարգով և թվային մոտեցումներով: Երկրորդ՝ ընթացքի մեջ է երկրաբանական ծառայության հիմնումը և արդեն 2027 թվականի վերջին կունենանք երկրաբանական ծառայություն, որը մեզ հնարավորություն կտա մի կետից կառավարելու և հասկանալու ոլորտում առկա խնդիրները»,- նշեց նախարարը:

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանը լրագրողների հետ ճեպազրույցում գնահատելով ոլորտի նշանակալի ազդեցությունը երկրի տնտեսության վրա՝ միաժամանակ կարևորեց դրա համապատասխանությունը բնապահպանական լավագույն չափանիշներին:

«Ըստ մեր կանխատեսումների՝ հաջորդ տարի ոլորտի արտադրանքի արտահանման արժեքը նախատեսվում է հասցնել մոտ 3 մլրդ դոլարի: Համեմատության կարգով նշեմ, որ 2021 թվականին Հայաստանից ընդհանուր արտահանումը եղել է մոտ 2.8 մլրդ դոլար: Ակնկալում ենք, որ մյուս տարի միայն մեր ոլորտը գերազանցելու է մի քանի տարի առաջվա այդ ցուցանիշը: Դա պայմանավորված է Ամուլսարի հանքավայրի շահագործմամբ, ինչպես նաև կրիտիկական մետաղների՝ պղնձի, մոլիբդենի գների աճով»,- ասաց նա:

Պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին Վարդան Ջհանյանը նշեց, որ Հայաստանում պղնձաձուլարանի կառուցման հարցը միշտ է քննարկվում, սակայն ներկայում տնտեսական արդյունավետության տեսանկյունից դա նպատակահարմար չէ:

«Ծանոթացել ենք մի քանի հետազոտությունների, ըստ որոնց արդյունահանվող պղնձի քանակը դեռ բավարար չէ մրցունակ ձուլարան ունենալու համար: Հայաստանում տարեկան պետք է արտադրվի առնվազն 100-150 հազար տոննա պղինձ, որպեսզի ձուլարանը հնարավոր լինի շահագործել մրցունակ ձևով»,- նշեց Վ.  Ջհանյանը:

Հայաստանում հանքարդյունաբերության զարգացման ներուժը բարձր են գնահատում նաև արտասահմանցի փորձագետները:

«Մարդիկ տեսնում են, որ Հայաստանում պոտենցիալ կա: Դա լավ նորություն է: Երկրաբանական ներուժը համարվում է դրական գործոն: Լավ է նաև, որ Հայաստանը բաց է նոր ներդրումների և նոր հնարավորությունների համար: Նաև երկիրն ունի հանքարդյունաբերության ոլորտում ավանդույթներ, հասանելիություն կադրերին, գիտելիքներին և հմտություններին: Վատ կողմերից է տվյալների որակը, որովհետև առանց դրանց ներդրողների համար շատ դժվար է գնահատել ներդրումից ակնկալվող արդյունքը: Կան նաև իրավական դաշտին առնչվող խնդիրներ: Իսկ արդյունաբերության վերամշակման ոլորտի վերաբերյալ տարակարծություն ունենք»,- գտնում է Wood Mackenzie ընկերության հանքարդյունաբերության և մետալուրգիայի խորհրդատվության բաժնի փոխնախագահ Վաել Ջաբերը:

Իսկ ահա ՀՊՏՀ դոցենտ, տնտեսագիտության թեկնածու, իրավաբան Սուրեն Պարսյանի գնահատմամբ՝ Հայաստանի հանքարդյունաբերության կազմակերպություններն այս տարվա 7 ամիսներին ունեցել են մոտ 470 մլրդ դրամի հասույթ, որը 62 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:

«Հայաստանի ընդհանուր արտահանման մոտավորապես մեկ երրորդը բաժին է ընկնում հանքարդյունաբերությանը՝ 2026 թվականին այս ցուցանիշն արդեն 29.1 տոկոս է: Այն դեռ աճելու է՝ հաշվի առնելով մի շարք ապրանքատեսակների արտահանման մասով մեր ունեցած խնդիրները: Այս տարի հավաքագրվել են շուրջ 90 մլրդ դրամի հարկեր, ինչը 51.2 տոկոսով ավելի շատ է, քան նախորդ տարի: Կանխատեսել ենք, որ այս տարի ունենալու ենք ռեկորդային՝ շուրջ 800 մլրդ դրամի շրջանառություն, հասույթ: Անշուշտ, դրա վրա ազդելու է նաև դոլարի փոխարժեքը, որը վերջին ամիսներին զգալի ազդեցություն է թողնում: Այս տարի մոտավորապես 14.5 հազար աշխատատեղ ենք ունենալու այս ոլորտում, իսկ անուղղակի աշխատատեղերի քանակը լինելու է մոտավորապես 4-5 անգամ ավելի շատ: Կարևոր է նշել, որ ոլորտի արտադրողականությունն ամենաբարձրն է դարձել Հայաստանում: Նույնիսկ գերազանցում է IT ոլորտը: Մոտավորապես 50 մլն դրամ է մեկ աշխատողի հաշվով արտադրողականությունը: Հանքարդյունաբերության վճարած հարկերն այս տարի կկազմեն երկրի պետբյուջեի ընդհանուր հարկային մուտքերի մոտավորապես 5.5-6 տոկոսը: Կանխատեսվում է, որ այս տարի կունենանք հանքարդյունաբերական արտադրանքի աճ՝ շուրջ 1.7 մլրդ դրամի չափով»,- ներկայացրեց Պարսյանը:

Հանքարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներն ակնկալում են փոփոխություններով, լուծված խնդիրներով և, իհարկե, նոր ձեռքբերումներով ու դրական ցուցանիշներով ներկայանալ մեկ տարուց նախատեսված հաջորդ համաժողովին:

Հայերեն English Русский

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով

Աստրիդ Շոմեյքերը կարևորել է կենսաբազմազանության մասին գիտելիքի և գործնական քայլերի միջև բացը կրճատելը

PROFAL-ը գործարկել է ճարտարապետական ապակու մշակման գործարանը՝ ներդնելով 20 միլիոն դոլար