Տեներիֆեում մեկնարկել է STARMUS VIII-ը․ լուսնային «Արտեմիս 2» առաքելության անձնակազմն արժանացել է Սթիվեն Հոքինգի անվան մեդալին

7 րոպեի ընթերցում

Photo: Max Alexander/Starmus

Ավելի քան կեսդարյա դադարից հետո Լուսնի շուրջ իրականացված առաջին մարդատար առաքելության՝ «Արտեմիս 2»-ի չորս աստրոնավտներից երեքը՝ Ռիդ Ուայզմանը, Վիկտոր Գլովերը և Ջերեմի Հանսենը հոկտեմբերի 17-ին Տեներիֆեում STARMUS VIII փառատոնի բացման հանդիսավոր արարողության ժամանակ արժանացան Սթիվեն Հոքինգի անվան մեդալին։

Մեդալը, որը սկսել է շնորհվել 2016 թվականից, տրվում է այն անձանց, ովքեր իրենց գործունեությամբ մեծ ավանդ են ունեցել գիտության հանրահռչակման գործում։

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, երեկոյի ընթացքում փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը հիշեցրեց, որ STARMUS-ի առաջին իսկ փառատոնը, որը 2011 թվականին էր, նշանավորվել էր աշխարհի հեղինակավոր աստրոնավտների ու տիեզերագնացների մասնակցությամբ։

«Ինչպես գիտեք, STARMUS-ը ծնվել է Կանարյան կղզիներում՝ Տեներիֆեում և Լա Պալմայում։ Առաջին փառատոնին մասնակցել են Նիլ Արմսթրոնգը, Բազ Օլդրինը, Ալեքսեյ Լեոնովը, Ուիլ Անդերսը և Չարլի Դյուքը։ Մենք երբեք չէինք կարող պատկերացնել, որ դրանից 15 տարի անց մարդկությունը կրկին կուղևորվի դեպի Լուսին, և մենք այստեղ կլինենք «Արտեմիս 2»-ի աստրոնավտների հետ։ Ուստի սա առանձնահատուկ պատիվ է և իսկապես հատուկ օր STARMUS-ի համար»,- նշեց Իսրայելյանը։

«Արտեմիս 2»-ի հրամանատար Ռիդ Ուայզմանը, շնորհակալություն հայտնելով մեդալի համար, խոսեց իր զգացողությունների մասին Երկրին՝ Լուսնից էլ այն կողմ գտնվելիս նայելու ժամանակ։

Photo: Max Alexander/Starmus

«Եթե մենք ձեզնից յուրաքանչյուրին տանեինք Երկիր մոլորակից 400 հազար կիլոմետր հեռավորության վրա, Երկիրը ձեր բթամատի չափ կերևար՝ շատ փոքր։ Ինչպիսի՞ն են զգացողությունները, երբ Լուսնի մյուս կողմից նայում ես հետ՝ այս փոքրիկ Երկրին։ Միակ բանը, որ զգում ես այդ պահին, սերն է, խաղաղությունը, հույսն ու միասնությունը։ Սրանք են այն ճիշտ բառերը, որ նկարագրում են այդ պահի զգացողություններդ։

Եվ երբ վերադառնում ես այս գեղեցիկ մոլորակ, գիտակցում ես, որ քեզնից է կախված վաղվա օրն ավելի լավը դարձնելը։ Դա պարզապես մեր ընտրությունն է։ Մենք կարող ենք թողնել, որ վաղվա օրը լինի այնպես, ինչպես լինելու է, կամ կարող ենք այն ավելի լավը դարձնել։ Դա այստեղ մեզանից յուրաքանչյուրի ընտրությունն է։ Ուստի եկեք բոլորս ընտրենք վաղվա օրն ավելի լավը դարձնելու ճանապարհը»,- նշեց ՆԱՍԱ-ի լուսնային առաքելության հրամանատար Ուայզմանը։

Լուսնային առաքելության մյուս անդամը՝ կանադացի աստրոնավտ Ջերեմի Հանսենը, կիսվելով լուսնային առաքելության իր տպավորություններով, կարևորեց Երկիր մոլորակի հանդեպ ավելի հոգատար լինելը։

«Երբ նայում ես մոլորակին տիեզերքի խորքից, այն պարզապես հիասքանչ է։ Սակայն իմ մարդկային փորձառությունն ինձ հիշեցնում է, թե ինչ է կատարվում Երկրի վրա։ Տիեզերքից այդ ամենը չի երևում, փոխարենը տեսնում ես, թե մենք՝ մարդիկս, ինչպիսի պարգև ունենք մեզ տրված։ Ու նորից այդ պահին հիշում ես, թե ինչեր են կատարվում մեր մոլորակի վրա ու մտածում՝ ինչ ենք անում մենք մեր մոլորակի հետ։

Ես գիտեմ, որ մենք չենք կարող ամեն բան շտկել մի կախարդական հարվածով, մեկ առաքելությամբ, սակայն դա ինձ չի հուսահատեցնում։ Ամեն բան շատ պարզ է. եթե մենք չհուսահատվենք, և հիշենք, որ մեր անելիքը մեզ՝ որպես անհատներ, կառավարել կարողանալն է, ամեն օր արթնանանք ու մեր էներգիան դրական ուղղությամբ կիրառենք, մեզ շրջապատող աշխարհն էլ ավելի լավը կդառնա։

Երբեք չթերագանահատեք ձեզ, դուք իրական ազդեցություն եք թողնում աշխարհի վրա։ Մարդկությունը կարող է ընտրել դրականը, ու դուք կարող եք դառնալ դրա առաջամարտիկը»,- դիմելով ներկաներին՝ ասաց Հանսենը։

Ավելի վաղ արդեն հայտարարվել էր, որ Սթիվեն Հոքինգի մեդալին են արժանացել նաև կինոռեժիսոր Ռիդլի Սքոթն ու բրիտանացի ֆիզիկոս և երաժիշտ Բրայան Քոքսը։

Այս տարի առաջին անգամ շնորհվեց նաև Սթիվեն Հոքինգի կրտսեր մեդալը. այն հանձնվեց իսպանացի ակտիվիստ Վալերիա Կորալեսին։

Փառատոնի պատմության մեջ առաջին անգամ տեղի ունեցավ երջանկահիշատակ պրիմատոլոգ Ջեյն Գուդոլի անվան մեդալի՝ Jane Goodall Earth Medal-ի հանձնման արարողությունը։ Եթե Հոքինգի մեդալը շնորհվում է գիտության հանրայնացման գործում ունեցած ավանդի համար, ապա Ջեյն Գուդոլի մեդալը տրվում է մարդկանց, ովքեր ջանքեր են գործադրում և իրենց ձայնը միշտ լսելի են դարձնում մեր մոլորակի ու կենսաբազմազանության պահպանման հարցում։

Մեդալին արժանացավ STARMUS-ի համահիմնադիր, աստղաֆիզիկոս և Queen խմբի կիթառահար Բրայան Մեյը, որը երկար տարիներ բնապահպանական ծրագրեր է իրականացնում իր «Save Me» («Փրկիր ինձ») բարեգործական կազմակերպության միջոցով:

Photo: Max Alexander/Starmus

«Երբ Ջեյնի հետ սիրով պատրաստում էինք այս ամենը, երբեք չէի մտածի, որ ինքս կդառնամ այդ մրցանակի դափնեկիրը։ Ավելորդ է ասել, որ ինձ որոշ չափով անարժան եմ զգում, բայց շատ ուրախ եմ, որ նրա ժառանգության մասն եմ կազմում։ Բախտ եմ ունեցել որոշ ժամանակ անցկացնել նրա հետ և անմիջականորեն ոգեշնչվել նրա ասածներից, զգացածից և այն ամենից, ինչին Ջեյնը հավատում էր ու ինչի համար գործում էր։

Իմ աշխատանքի մեծ մասն իրականացրել եմ «Save Me» բարեգործական կազմակերպության միջոցով, որը Էն Բրամերի հետ համահիմնադրել եմ 15 տարի առաջ։ Մենք այն անվանել ենք «Save Me»՝ նպատակ ունենալով ձայն տալ վայրի կենդանիներին, ինչն էլ հենց անում ենք։ Այս տարիների ընթացքում կազմակերպությունը փրկել է հազարավոր կենդանիների ամբողջ Բրիտանիայի տարածքում՝ նրանց կյանքի երկրորդ հնարավորություն տալով»,- նշեց Մեյը։

Ջեյն Գուդոլի մեդալին արժանացավ նաև Կրիստինա Ֆիգերեսը, իսկ Jane Goodall Earth Junior Medal-ը հանձնվեց 11-ամյա Անիշվար Կունչալային։

Photo: Max Alexander/Starmus

Բացման արարողությունը եզրափակվեց STARMUS-ի ավանդական «Աստղերի սիմֆոնիա» խորագրով համերգով, որի ընթացքում կատարումներով հանդես եկան Բրայան Մեյը, իտալացի տենոր Անդրեա Բոչելին, անգլիացի սոպրանո Սառա Բրայթմանը, լեգենդար ստեղնահար Ռիք Ուեյքմանը, Լա Պալմայի սիմֆոնիկ նվագախումբն ու այլ երգիչներ ու երաժիշտներ։

Photo: Max Alexander/Starmus

***

«Արմենպրես»-ի կողմից STARMUS փառատոնի լուսաբանումն իրականացվում է Team Telecom Armenia-ի աջակցությամբ։

Հայերեն English

Հայաստանը Գերմանիային է հանձնել մեղադրվող անձին

Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր․ Ծովինար Թադևոսյան

Իրանը նույնպես «չավարտված գործեր» ունի Իսրայելի հետ. Արաղչի

Թրամփը բացատրել է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցները կասեցնելու որոշումը

Երևանում Աղի լճում մեկնարկել են բարեկարգման աշխատանքները

Բարիում տեղի կունենա «Նոր Արաքսը և հայերը Բարիում. ազգային և օտարերկրյա մամուլում (1924–1962)» գրքի շնորհանդեսը

Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային բարձր մակարդակի միջոցառումներ հյուրընկալող երկիր. Փաշինյան

Հոկտեմբերի 19-ը Հրթիռային զորքերի և հրետանու օրն է

Հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

COP17-ի շրջանակում Երևան է ժամանել Պեկինի փոխքաղաքապետի գլխավորած պատվիրակությունը