1 րոպեի ընթերցում
Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականի բոլոր 4 անդամները դուրս են եկել աշխարհի առաջնության եզրափակիչ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի ընտրանու անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը հենացատկի վարժության որակավորման փուլում հավաքեց 14.633միավոր ու դուրս եկավ եզրափակիչ:
Եվրոպայի չեմպիոն Արթուր Ավետիսյանը օղակներ վարժությունում եզրափակիչ դուրս եկավ` հավաքելով 14.233 միավոր:
Նժույգ-թափերի վարժության եզրափակիչում են Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը (14.933 միավոր) ու աշխարհի փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանը (14.733 միավոր):
Նժույգ-թափերի ու օղակների եզրափակիչը կկայանա հոկտեմբերի 24-ին, իսկ հենացատկինը` հոկտեմբերի 25-ին: