ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ
2 րոպեի ընթերցում
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ։
«Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի ուղերձը.
«Մշակութային ժառանգության պահպանության ոլորտի սիրելի՛ ներկայացուցիչներ, շնորհավորում եմ բոլորիդ Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա կապակցությամբ։
Հոկտեմբերի 17-ը կարևոր առիթ է՝ արժևորելու ոչ նյութական մշակութային ժառանգության բազմազանությունը և ընդգծելու դրա պահպանության ու սերունդներին փոխանցման կարևորությունը։
Հայաստանում տարեցտարի ընդլայնվում են այս օրվան նվիրված նախաձեռնությունները՝ ներգրավելով նոր համայնքների, մշակութային և կրթական հաստատությունների։ Կազմակերպվող միջոցառումները նպաստում են հայկական ավանդույթների, գիտելիքների և հմտությունների պահպանմանն ու հանրահռչակմանը։
Ոչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման, ավանդական արհեստների խթանման և բնության ու բնական ռեսուրսների պահպանության գործում։ Այն կարող է նաև նպաստել մեր հանրային և տնտեսական զարգացմանը՝ ստեղծելով նոր գաղափարներ, խթանելով զբոսաշրջությունն ու ստեղծարար արդյունաբերության զարգացումը։
Հայաստանում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը պետական մշակութային քաղաքականության կարևոր ուղղություններից է։ Շարունակական ծրագրերի իրականացումը նպաստում է ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակմանը, հանրության ներգրավվածությանը և մշակութային արժեքների փոխանցմանը սերունդներին։
Ոլորտի մասնագետներին ու ներկայացուցիչներին մաղթում եմ արդյունավետ աշխատանք և նորանոր հաջողություններ՝ հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման, հանրահռչակման ու փոխանցման գործում»։