3 րոպեի ընթերցում
Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է նոր հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին, այդ թվում՝ Քոլանգ լեռան (խմբ.՝ անգլերեն՝ Պիկաքս լեռ, որը թարգմանաբար նշանակում է քլունգ) խիստ ամրացված օբյեկտին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Newsmax-ի Finnerty հաղորդմանը տված բացառիկ հարցազրույցում։
Թրամփի հայտարարությունը հնչել է այն տեղեկությունների ֆոնին, որ Պենտագոնը դիտարկում է «բոլոր ռումբերի մայրը» անվանումը ստացած հզոր ռումբի կիրառման հնարավորությունը։
Թրամփը չի բացառել Իրանի դեմ լրացուցիչ ռազմական գործողությունների հնարավորությունը՝ միաժամանակ կանխատեսելով, որ պատերազմը շուտով կավարտվի՝ բանակցությունների միջոցով կամ այլ կերպ։
Հարցին, թե արդյոք ինքը դիտարկում է նոյեմբերի 3-ին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո «բոլոր ռումբերի մայրը» կոչվող ռումբի կիրառման հնարավորությունը, Թրամփը պատասխանել է, որ այդ զենքը միջուկային չէ։
«Խոսքը բնավ միջուկային ռումբի մասին չէ։ Սա պարզապես շատ մեծ ռումբ է։ Այն, ասես, փոքր միջուկային ռումբ լինի։ Բոլոր ռումբերի մայրը մեկ մեծ ռումբ է, բայց միջուկային չէ», - ասել է Թրամփը։
CNN-ը, հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն մշակել է Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին և միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու ծրագրեր՝ իր զինանոցում առկա ամենահզոր ոչ միջուկային ավիառումբի կիրառմամբ։ Ըստ աղբյուրների՝ ԱՄՆ-ն դիտարկում է Իրանի դեմ GBU-43/B ռումբի կիրառման հնարավորությունը, եթե նախագահ Թրամփը հրաման տա վերսկսել ռազմական գործողությունները։
Թրամփն առանձին անդրադարձել է նաև Քոլանգ լեռան օբյեկտին հարված հասցնելու հնարավորությանը։ Ենթադրվում է, որ լեռան տակ է գտնվում Իրանի միջուկային օբյեկտներից մեկը։
«Այժմ մենք դիտարկում ենք Պիկաքս լեռը։ Հնարավոր է՝ ստիպված լինենք հարվածել այդ օբյեկտին։ Մենք հարված կհասցնենք դրան։ Արագորեն կոչնչացնենք այն», - ասել է նա։
Հարցին, թե արդյոք նման գործողությունը կներառի ամերիկյան ցամաքային զորքերի մասնակցությունը, Թրամփը պատասխանել է. «Ո՛չ, ես նման բան չեմ տեսնում։ Չեմ կարծում, թե դա տեղի կունենա»։
Թրամփը նաև վստահություն է հայտնել, որ պատերազմը շուտով կավարտվի՝ նշելով, որ Թեհրանը բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ։
Սպիտակ տան ղեկավարը նաև պնդել է, որ իրանցի պաշտոնյաներն են խնդրել դադարեցնել ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունները։
«Նրանք խնդրել են մեզ դադարեցնել։ Եվ մենք դադարեցրել ենք, որովհետև բանակցություններ ենք վարում նրանց հետ», - ասել է Թրամփը։