«Ես Զելենսկու մեծ երկրպագուն չեմ». Թրամփը քննադատություններ է հնչեցրել Ուկրաինայի նախագահի հասցեին

4 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու մեծ երկրպագուն չէ և համարում է, որ նրա հետ ավելի դժվար է բանակցություններ վարել, քան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի։ Նա նաև քննադատել է Ուկրաինայի որոշումը՝ վերսկսելու ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս թեմային Թրամփն անդրադարձել է հոկտեմբերի 15-ին Newsmax-ին տված հարցազրույցում։

Թրամփի խոսքով՝ Զելենսկու հետ հեշտ չէ գործ ունենալ։

«Նա չի ցանկանում համաձայնության գալ։ Նա ասում է, որ ցանկանում է համաձայնության գալ, բայց իրականում չի ցանկանում։ Ո՛չ, ես Զելենսկու մեծ երկրպագուն չեմ», - ասել է Թրամփը Սպիտակ տանը Finnerty հաղորդմանը տված բացառիկ հարցազրույցում։

Հոկտեմբերի 15-ին Ուկրաինան վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթային ենթակառուցվածքներին՝ եռօրյա դադարից հետո։ Հոկտեմբերի 11-ին Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնել են էներգետիկ հրադադարի։ Ուկրաինան հայտարարել էր, որ դադարեցրել է հարվածները ՌԴ էներգետիկ օբյեկտներին, սակայն Ռուսաստանը նույն կերպ չի վարվել։

Հարցին, թե ինչ է մտածում Ուկրաինայի կողմից հարվածների վերսկսման մասին, Թրամփը նշել է, որ դրանք հանգեցնում են էներգակիրների համաշխարհային գների աճի։

«Եթե հիմա ինձ ասում եք, որ Զելենսկին կրկին հարվածներ է հասցնում նավթավերամշակման գործարաններին, ապա նա միայն բարձրացնում է նավթի համաշխարհային գինը, - ասել է նա։ - Կարծում եմ՝ դա խայտառակություն է։ Կան բազմաթիվ այլ թիրախներ.... Կան բազմաթիվ թիրախներ, որոնց կարելի է հարվածել»։

«Սակայն երբ հարվածներ ես հասցնում դիզելային վառելիքի վերամշակման գործարաններին, որտեղ արտադրվում է դիզելային վառելիք, որը մեզ է անհրաժեշտ, և որի կարիքն ունի նաև ամբողջ աշխարհը, ապա նա աշխարհին լավ ծառայություն չի մատուցում», - հավելել է նա։

Հարցին, թե արդյոք պատերազմը կավարտվի մինչև իր պաշտոնավարման ավարտը, Թրամփը լավատեսություն է հայտնել համաձայնության հասնելու հնարավորության վերաբերյալ, սակայն կասկածի տակ է դրել բանակցելու Զելենսկու պատրաստակամությունը։

«Այն պետք է շուտով ավարտվի։ Կարծում եմ՝ իրականում երկուսն էլ կցանկանային, որ այն ավարտվեր։ Բայց կարծում եմ՝ Զելենսկու հետ գործ ունենալն ավելի դժվար է, քան Պուտինի», - նշել է նա։

Համաձայնության հասնելու դժվարությունները Թրամփը մասամբ կապել է Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների միջև առկա անձնական թշնամանքի հետ։

«Ինչպես գիտեք, (ՌԴ նախագահ) Պուտինն ատում է Զելենսկուն, իսկ Զելենսկին՝ Պուտինին։ Եվ երբ նման ատելություն կա, շատ դժվար է որևէ հարցի շուրջ համաձայնության գալ», - ասել է նա։

Թրամփը նաև բարձրացրել է Ուկրաինայում նոր ընտրություններ անցկացնելու հարցը՝ կասկածի տակ դնելով՝ արդյոք շարունակվող պատերազմի պայմաններում Զելենսկին դեռևս ունի հանրային աջակցություն։

«Կարծում եմ՝ ընտրություններ պետք է անցկացվեն, որովհետև ոչ ոք ինձ չի ասում, որ Ուկրաինայի ժողովուրդը գոհ է, երբ հրթիռները հարվածում են իրենց բազմաբնակարան շենքերին», - ասել է Թրամփը։

Ուկրաինայում ռազմական դրություն է գործում 2022 թ. փետրվարին Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունների ծավալումից ի վեր։ Ուկրաինայի օրենսդրության համաձայն՝ ռազմական դրության պայմաններում ընտրությունների անցկացումն արգելված է։

Զելենսկին, սակայն, արձագանքելով ավելի վաղ Թրամփի արած նմանատիպ կոչին, նշել էր, որ պատրաստ է երկրում ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 60-օրյա հրադադարի։ Կրեմլը մերժել էր նման հնարավորությունը։

Հայերեն Русский

Իրանը հայտարարել է, որ լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ

Ալբանիայում ցուցարարները ներխուժել են Էկոնոմիկայի նախարարության շենք

Լիբանանի նախագահը ԱՄՆ պետքարտուղարի հետ քննարկել է Իսրայելի կողմից շարունակական էսկալացիան

Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարարը մասնակցում է COP17-ի առաջնորդների գագաթնաժողովին

Թրամփը հայտարարել է, որ Իրանին կհարվածի շատ հզոր ռումբով, բայց ոչ՝ միջուկային

Ալիևին ասել եմ, որ իր հայտարարությունները Հայաստանում շատ զգայուն են ընդունվում. Ալեն Սիմոնյան

COP17-ի կարևորությունը Հայաստանի համար. մեկնաբանում են նախարարները

Առաջնորդների գագաթնաժողովի մասնակիցների համատեղ լուսանկարահանում

«Երևանյան բեսթսելեր». «Մայրական կաթ» գիրքն՝ առաջատար. թարգմանական. սեպտեմբեր, 2026

Միրզոյանն անկլավ-էքսկլավների հարցը խոչընդոտ չի համարում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար