COP17-ի նման համաժողովներ հյուրընկալող երկիրն իսկապես արժանի է մեծ աջակցության. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան

3 րոպեի ընթերցում

Երևանում հոկտեմբերի 19-30-ը կկայանա ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը։ Ի թիվս բազմաթիվ երկրների՝ Հայաստան կժամանի նաև Մեծ Բրիտանիայի պատվիրակությունը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլը կարևորեց այդ միջոցառումը՝ շեշտելով, որ  COP17-ի նման համաժողովներ հյուրընկալող երկիրն իսկապես արժանի է մեծ աջակցության։

«Կարծում եմ՝ մեզանից յուրաքանչյուրը գիտակցում է շրջակա միջավայրի պահպանման և կլիմայի փոփոխության ազդեցությունը մեղմելուն ուղղված ջանքերի կենսական ու հրատապ կարևորությունը։ COP17-ն, իհարկե, կենտրոնացած է կենսաբազմազանության խնդրի վրա, որը լուրջ վտանգի տակ է՝ մասամբ կլիմայի փոփոխության պատճառով, սակայն, ինչպես էլ դիտարկենք, դրա հիմնական պատճառը մարդկային միջամտությունն է։ Միացյալ Թագավորության կառավարության համար իրական առաջնահերթություն է աջակցել կենսաբազմազանությանը նվիրված COP համաժողովին և, ընդհանուր առմամբ, կլիմայի փոփոխությանը վերաբերող ավելի լայն շրջանակի համաժողովներին»,- ասաց դեսպանը։

Նա հավելեց, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունն ունի մի շարք նպատակներ, որոնք բավականին տեխնիկական բնույթ են կրում, և դա պատահական չէ, քանի որ հենց տեխնիկական մոտեցումն է, ըստ դեսպանի, անհրաժեշտ հատկապես բնության պահպանության ֆինանսավորման և լուծումների լիարժեք ներառականությունն ապահովելու հարցում։ Դիվանագետի համոզմամբ՝ անիմաստ է փորձել լուծումներ գտնել՝ առանց խորհրդակցելու այն մարդկանց հետ, ովքեր քաջատեղյակ են այդ խնդիրներից։

Դեսպան Քոուլի տեղեկացմամբ՝ Մեծ Բրիտանիայից Հայաստան է ժամանելու մեծ պատվիրակություն, քանի որ բրիտանական կողմն այս հարցը չափազանց կարևոր է համարում։ Պատվիրակությունը կգլխավորի Միացյալ Թագավորության բնության հարցերով նախարար Ջենի Ռիդել-Քարփենթերը։ 

Պատվիրակության կազմում է նաև Միացյալ Թագավորության բնության հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռութ Դեյվիսը։ Պատվիրակության կազմում ընդգրկված կլինեն նաև պետական ծառայողներ, կառավարության աշխատակիցներ, քաղաքացիական հասարակության և բիզնեսի ներկայացուցիչներ։

«Դա պայմանավորված է նրանով, որ, ինչպես անվտանգության ոլորտում մեր որդեգրած մոտեցման դեպքում, այստեղ ևս խնդիրը վերաբերում է հասարակությանը՝ ամբողջությամբ վերցրած։ COP17-ի առնչությամբ անձամբ իմ և Հայաստանում գործող մեր դեսպանության նպատակն է նպաստել միջոցառման սահուն ընթացքին և Հայաստանի հաջող նախագահությանը, քանի որ նման համաժողովներ հյուրընկալելու պատրաստակամություն ցուցաբերող յուրաքանչյուր երկիր իսկապես արժանի է հնարավորինս մեծ աջակցության։ Հուսով ենք՝ սա Հայաստանին կներկայացնի միջազգային հարթակում, ինչը հիանալի կլինի»,- ասաց դիվանագետը։

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլի հետ ամբողջական հարցազրույցը կհրապարակենք շուտով։

Հայերեն English Русский