ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության հիմնական ուղղությունները
3 րոպեի ընթերցում
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ և հաջող գործունեություն։ Նա հույս է հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում նոր մակարդակի կհասցվի Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերությունը:
«Մեր երկրները համագործակցության լայն օրակարգ ունեն, մասնավորապես՝ կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում: ԿԳՄՍ նախարարությունը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ հետևողականորեն զարգացնելու Հայաստան-Ֆրանսիա բազմակողմ համագործակցությունը»,- ասել է նախարարը:
Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար՝ կարևորելով Հայաստանի հետ զարգացող հարաբերությունների հետևողական քաղաքականությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության հիմնական ուղղությունները, այդ թվում՝ Հայաստանում ֆրանսիական կրթական հաստատությունների՝ Ֆրանսիական ինստիտուտի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական միջազգային կրթահամալիրի գործունեության ընդլայնման, համատեղ նոր ծրագրերի իրականացման, երկու երկրների տարբեր կառույցների միջև կապերի ամրապնդման վերաբերյալ: Այս համատեքստում կարևորվել են ինչպես արհեստական բանականության կիրառության, այնպես էլ ֆրանսերենի ուսուցման խթանման հարցերը:
Առանձնակի ընդգծվել է 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերի անցկացումը Հայաստանում։ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այժմ ընթանում են խաղերի նախապատրաստական աշխատանքները, որի համակարգումն իրականացնում է ԿԳՄՍ նախարարությունը: Միջոցառման կազմակերպմանն առնչվող ընթացիկ հարցերի շրջանակում կարևորվել են կամավորների ընդգրկումը և ֆրանսերենի դասընթացների կազմակերպումը։
Անդրադարձ է եղել նաև մշակույթի ոլորտում համագործակցությանը․ կարևորվել են թանգարանների, պատկերասրահների, գրադարանների միջև երկարաժամկետ գործընկերության զարգացումը, Հայաստանի մշակութային ժառանգության, մասնավորապես՝ հուշարձանների վերականգնմանն ուղղված ծրագրերը: