2 րոպեի ընթերցում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ չգիտի՝ իրանական կողմից ում հետ են ամերիկացի պաշտոնյաները միջնորդների միջոցով բանակցություններ վարում հակամարտության կարգավորման շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Մոնտանա նահանգում կայացած հանրահավաքում, որի տեսանյութը տարածել է Fox News-ը։
«Նրանց առաջնորդները չկան։ Ես, հավանաբար, պետք է թողնեի նրանց առաջնորդներին, որովհետև պատկերացում չունեմ, գրողը տանի, թե ում հետ ենք մենք բանակցություններ վարում», - հայտարարել է Թրամփը։
Նա կրկին պնդել է, որ ԱՄՆ-ի գործողությունների հետևանքով Իրանը զրկվել է նավատորմից, ռազմաօդային ուժերից, իսկ բանակը «ոչնչացվել է»։
Հոկտեմբերի 12-ին Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել էր, որ Թեհրանի ու Վաշինգտոնի միջև անմիջական շփումները շարունակվում են, սակայն փոխզիջման հասնելու համար Իրանի պայմանների պահպանումը մնում է պարտադիր։
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հոկտեմբերի 15-ի գիշերը հայտարարել է, որ Իրանը պետք է պատրաստ լինի պատերազմի` նույնիսկ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելով։ Նրա խոսքով՝ երկրի գլխավոր խնդիրն է թույլ չտալ կրկնակի ամերիկյան հարձակում։ Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ Վաշինգտոնի հետ համաձայնագրի ստորագրումը որևէ երաշխիք չի տալիս։
Հոկտեմբերին Թրամփն ասել է, որ Վաշինգտոնն Իրանի հետ բովանդակալից բանակցություններ է վարում։ ԱՄՆ նախագահը հավաստիացրել է, որ չի պատրաստվում Իրանի վրա գրոհել առնվազն մինչև նոյեմբերի 3-ը կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները։