«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը Շիրակի մարզպետին ներկայացրել է «Գյումրու քաղաքային զարգացման» ծրագիրը

4 րոպեի ընթերցում

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արամայիս Ավետիսյանը Գյումրու «Մուշ-2» թաղամասում Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին ներկայացրել է Հիմնադրամի կողմից իրականացվող «Գյումրու քաղաքային զարգացման» ծրագիրը, դրա շրջանակում արդեն իսկ իրականացված աշխատանքներն ու առաջիկա նախաձեռնությունները։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, Շիրակի մարզպետի՝ թաղամաս կատարած այցի ընթացքում անդրադարձ է կատարվել ծրագրի հիմնական ուղղություններին, բնակարանային, կրթական, մշակութային և հանրային ենթակառուցվածքների զարգացման հեռանկարներին, ինչպես նաև ծրագրի իրականացման շրջանակում համագործակցության հնարավորություններին։

««Հայաստան» համահայկական հիմնադրամը «Մուշ-2» թաղամասում արդեն իսկ կառուցել է չորս բազմաբնակարան բնակելի շենք՝ մշտական և բարեկեցիկ բնակարաններով ապահովելով նախկինում ժամանակավոր կացարաններում բնակվող 86 ընտանիքի։ Ծրագրի շրջանակում կառուցվել է նաև մանկապարտեզ՝ նախատեսված 50 երեխայի համար, իսկ բնակելի շենքերում ստեղծվել են չորս արվեստանոցներ՝ նպաստելով ստեղծագործական գործունեության և համայնքային կյանքի աշխուժացմանը»,– նշված է կառույցի տարածած հաղորդագրության մեջ։ 

Շարունակելով թաղամասի համալիր զարգացմանն ուղղված աշխատանքները՝ Հիմնադրամը նախատեսում է կառուցել ևս երկու բազմաբնակարան շենք՝ ընդհանուր 68 բնակարանով։ Դրանք նախատեսված են 1988 թվականի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման համար։

Բնակարանաշինությանը զուգահեռ՝ նախատեսվում է կառուցել 75 երեխայի համար նախատեսված նոր մանկապարտեզ, ստեղծել մշակութային կենտրոն և բարեկարգել հանրային այգի՝ կանաչապատ ու հարմարավետ միջավայր ապահովելով թաղամասի բնակիչների համար։

Ծրագրի կարևոր բաղադրիչներից է նաև «Թումո տուփի» տեղադրումը, որը «Մուշ-2» թաղամասի և հարակից բնակավայրերի պատանիներին հնարավորություն կտա ներգրավվելու տեխնոլոգիական և ստեղծարար կրթական ծրագրերում՝ զարգացնելով թվային և ստեղծագործական հմտությունները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ծրագրի իրականացման ընթացքին, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությանը, ինչպես նաև թաղամասի հետագա զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը բարձր է գնահատել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքները՝ կարևորելով նման մասշտաբային և համալիր ծրագրերի նշանակությունը Գյումրու սոցիալ-տնտեսական զարգացման և քաղաքային միջավայրի բարելավման գործում։ Մարզպետն ընդգծել է, որ նման նախաձեռնությունները նոր հնարավորություններ են ստեղծում քաղաքի զարգացման համար՝ նպաստելով բնակչության կենսապայմանների բարելավմանը, ժամանակակից ենթակառուցվածքների ձևավորմանը և համայնքի զարգացման նոր փուլի մեկնարկին։

Նա նաև կարևորել է Հիմնադրամի հետ շարունակական համագործակցությունը՝ ի նպաստ Գյումրու կայուն և երկարաժամկետ զարգացման։

Հայերեն

ԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակ

Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Հայթաղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Քննարկվեցին տնտեսական տարբեր hամակարգերում Հայաստանի ներգրավվածության հեռանկարները

Հոկտեմբերի 15-ի միջոցառումների անոնս

Կենտրոնական բանկերը ներդրումային փորձագետների ուշադրության կենտրոնում․ Ամունդի-Ակբա

Կանխվել է քրեակատարողական ծառայողի կողմից ազատազրկված անձանց բջջային հեռախոսներ փոխանցելու փորձը

COP17-ը Հայաստանին հնարավորություն է տվել նոր կապեր հաստատել միջազգային գործընկերների հետ. Ռոբերտ Աբիսողոմոնյան

Կասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Հրազդանում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Պատգամավոր Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌԴ