Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

8 րոպեի ընթերցում

Թարգմանչաց տոնի առթիվ Հայաստանի գրողների միությունն ավանդույթի համաձայն անցկացրեց ամենամյա «Կանթեղ» մրցանակաբաշխությունը՝ արժևորելով թարգմանիչների անգնահատելի դերը տարբեր մշակույթների մերձեցման, գրական կապերի զարգացման գործում։ 

Մինչ մրցանակաբաշխության բուն արարողության ընթացքը, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 10-ին Օշականում, միության անդամները ծաղիկներ խոնարհեցին Մեսրոպ Մաշտոցի գերեզմանին, այնուհետև Տերունական աղոթքով մեկնարկեց «Կանթեղ»-ը: 

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը հիշեցրեց, որ Թարգմանչաց տոնը 1600 տարի մեզ հետ է «քայլում» և պահպանում է մեզ։

«Մեր ինքնությունը ոչ միայն պետք է հանրահռչակենք որպես մտածող, փիլիսոփա, կամ մեր գրական գործերով, այլև՝ ուրիշներին թարգմանելով, ուրիշների հետ զուգակցվելով։ Ժողովուրդներն այդպես են իրար հարգում, ճանաչում։ «Կանթեղ»-ը 24-րդ անգամ է հանձնվում և՛ հայ, և՛ օտարազգի թարգմանիչներին»,-ասաց Միլիտոնյանը։

«Կանթեղ» մրցանակի արժանացան թարգմանիչներ Գառնիկ Մելքոնյանը, Վարդան Ֆելեշեթյանը, Հերմինե Նավասարդյանը։

Օտարերկրացի հյուրերից թարգմանիչներ Անդրե Շինքելին և Թորսթըն Օլլեին տրվեց «Կանթեղ» դիպլոմ և հայտարարվեց, որ այսուհետ նրանք ՀԳՄ պատվավոր անդամներ են։ Լեհաստանից ժամանած թարգմանչուհի Կալինա-Իզաբելա Զիոլան էլ արժանացավ «Գրական բարեկամ» կոչմանը։

Միլիտոնյանը տեղեկացրեց, որ Անդրե Շինքելը նաև գերմանական OdA գրական ամսագրի խմբագիրն է, և ՀԳՄ-ի հետ համագործակցությամբ նպաստում է հայ ժամանակակից գրականության հանրահռչակմանը։

«Արդեն քսան տարի է՝ աշխատում ենք նրա հետ։ 2015 թվականին հրատարակեցինք ցեղասպանված գրողների ստեղծագործությունների մի ամբողջ հատոր։ Այս տարի էլ Թորսթըն Օլլեի հետ համագործակցությամբ գերմաներեն հրատարակեցինք հայ ժամանակակից 20 բանաստեղծի գործերի անթոլոգիա, որին միացրինք նաև գերմանացի 20 բանաստեղծի գործեր և որոշ արձակ ստեղծագործություններ։ Մեր լեհ գործընկեր Կալինա-Իզաբելա Զիոլան տարիներ առաջ արժանացել է «Կանթեղ»-ի։ Այս տարի նրան «Գրական բարեկամ» կոչմանն ենք արժանացնում, քանի որ շատ լուրջ աշխատանք է տանում։ Նրա հետ համագործակցությամբ հրատարակել ենք մի գիրք, որում լեհ գրողները անդրադառնում են Հայաստանին, հայ գրողնեռրը՝ Լեհաստանին։ Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել Պոզնանում»,-նշեց Միլիտոնյանն ու հավելեց՝ Զիոլան բազմաթիվ ժամանակակից հայ հեղինակների գործեր է թարգմանել, իսկ վերջին տարիներին հրատարակել է Եղիշե Չարեցի բանաստեղծությունների իր թարգմանությունները։

Անդրադառնալով մրցանակակիր թարգմանիչներին՝ ՀԳՄ նախագահն ասաց, որ Վարդան Ֆելեշեթյանը ռուսերենից հայերեն է թարգմանում և՛ դասականների, և՛ ժամանակակից գրողների, Գառնիկ Դավթյանը թարգմանություններ է անում ֆրանսերենից և իտալերենից, իսկ Հերմինե Նավասարդյանը՝ գերմաներենից։

«Կանթեղ»-ի մրցանակակիր թարգմանիչ, գրականագետ Գառնիկ Մելքոնյանի թարգմանությամբ ընթերցողին են ներկայացվել այնպիսի հանրահայտ հեղինակների գործեր, ինչպիսիք են Ալբերտո Մորավիան, Լուիջի Պիրանդելլոն, Ժան-Ժակ Ռուսոն, Ժորժ Ռոդենբախը, Անրի Միշոն, Օկտավ Միրբոն, Դինո Բուցցատին և այլք։

«Եվրոպայում շատ են թարգմանական ծրագրերը, որոնք նպաստում են եվրոպական գրականությունն աշխարհում տարածելուն։ Ունեն նաև թարգմանական քոլեջներ, որոնք համախմբում են թարգմանիչների տարբեր երկրներից, նրանք հաղորդակցվում են միմյանց հետ, ծանոթանում են նաև գրողների հետ, որպեսզի ճշգրտեն թարգամանական գործին վերաբերող մի շարք հարցեր։ Ֆրանսիայում, Բելգիայում և Շվեյցարիայում եղել եմ նման քոլեջներում։  Եվրոպական երկրներում թարգմանական գրականությունը շատ պահանջված է, շատ են գրախանութները, որոնք մարդաշատ են։ Մեզ մոտ խորհրդային շրջանում էր այդպես։ Կարծում եմ՝ մեր երկրում ընթերցանությունն անկում  է ապրում՝ այդ թվում թարգմանական գրականությունը»,-նշեց Մելքոնյանը՝ շեշտելով՝ հավանաբար դրա պատճառներից է համացանցը։

Նրա կարծիքով՝ Հայաստանում համաշխարհային գրականությունից  քիչ բան է հայերեն թարգմանվել, այդ առումով դեռ շատ անելիքներ կան։ Ըստ թարգմանչի՝ խորհրդային շրջանում շատերն էին ռուսերն հասկանում, ուստի գրականության մեծ մասը ռուսերեն էր, իսկ այժմ պետք է զարգացնել թարգմանական գրականությունն  ու լրացնել բացը։

«Իմ սիրած հեղինակներից է իտալացի Դինո Բուցցատին, որին սիրով եմ թարգմանում, քանի որ նա արծարծում է այնպիսի թեմաներ, որոնք գոյութենական են։ Գրում է պարզ ոճով։ Հիմա պետք է նրան հայերեն կարդալ։ Այժմ թարգմանում եմ նրա գործերն ու տարածում եմ ոչ միայն տպագիր մամուլում, այլև էլեկտրոնային տարբերակով։ Նկատել եմ, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսուցիչներն ու աշակերտները վերլուծում են իմ թարգմանությամբ Բուցցատիի գործերը։ Զգում ես, որ արածդ գործն օգուտ է տալիս, ինչն ինձ ուրախացնում է»,-խոստովանեց Գառնիկ Մելքոնյանը։

Հերմինե Նավասարդյանը կարծում է՝ թարգմանությունը լեզուների հաղորդակցություն է, հոգու երկխոսություն՝ գրողի և թարգմանչի միջև։

«Յուրաքանչյուր հեղինակի ստեղծագործության թարգմանություն մի երանգ է ավելացնում մեր հոգում և գրականության աշխարհում։ Շնորհակալ եմ գրականություն արարողներին, հայոց մեծերին՝ Նարեկացի, Թումանյան, Տերյան, Չարենց, Մեծարենց, Սարոյան, Մաթևոսյան, Դավոյան և համաշխարհային՝ Գյոթե, Դոստոևսկի, Բոդլեր և այլք, որոնք ձևավորել են իմ գրական  աշխարհը և հատկապես Էմիլի Դիքինսոն և Ֆրանց Կաֆկա, որոնց թարգմանել եմ ու ճանաչել եմ թարգմանական արվեստը»,-ասաց նա և շնորհակալություն հայտնեց գերմանացի հյուրերին, որոնց շնորհիվ գերմաներենն իր համար կենդանի հաղորդակցության լեզու է դարձել։

Անդրե Շինքելն ասաց՝ մրցանակը ստանում է որպես գեղարվեստական թարգմանիչ, միջնորդ, որպես Գերմանիայի և հայկական մշակույթի բարեկամ։ Նա մեծ պատիվ է համարում Հայաստանում լինելը։ Շինքելն առաջին անգամ Օշական է եկել 2011 թվականին և տպավորված է այն մեծ հարգանքով, որ «խոսքի մարդիկ» վայելում են Հայաստանում։

«Բանաստեղծ, արձակագիր, հրապարակագիր և մանկական ստեղծագործությունների հեղինակ եմ և խորապես երախտապարտ եմ ձեզ։ Այն, որ գիրն ու գրավոր խոսքը պետք է սուրբ լինեն, ավելի ճիշտ՝ դրանք սուրբ են, Օշականում սովորեցի, Երևանում՝ Մատենադարանում, Շիրակում և Գորիսում»,-նշեց Շինքելը։

Նրա խոսքով՝ այս անհանգիստ ժամանակներում հաճախ մոռացվում է, որ լեզուն և գիրը հաղորդակցման միջոցներն են։

Թարգմանչաց տոնը Հայաստանի Հանրապետությունում սահմանված պետական տոն է՝ նվիրված հայ գրերի գյուտին, թարգմանչաց շարժմանը և մշակույթի նշանավոր գործիչներին: Հայ առաքելական եկեղեցին Աստվածաշունչն առաջինը հայերեն թարգմանողներին դեռևս վաղ միջնադարում դասել է եկեղեցու սրբերի շարքը և սահմանել հատուկ՝ Սրբոց թարգմանչաց տոն:

Թարգմանչաց տոնը նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը: Տոնակատարությունը պաշտոնապես բացվում է Օշականում՝ Հայոց այբուբենին նվիրված հուշարձանի մոտ: Երևանում, Գառնիում և այլ վայրերում կազմակերպվում են տոնակատարություններ: 

Հայաստանում Թարգմանչաց տոնը նշելու գործում մեծ դերակատարություն է ունեցել նաև գրող, թարգմանիչ Արևշատ Ավագյանը։  

Հայերեն