Հայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբ
4 րոպեի ընթերցում
Հռոմի պատմական Circo Massimo վայրում հոկտեմբերի 8-12-ը ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսը մեկ հարկի տակ է համախմբել աշխարհի տարբեր անկյունների ագրոպարենային համակարգերի բազմազանությունն ու յուրահատկությունը՝ ներկայացնելով արտադրանք, պատմություններ, նորարարություններ և ավանդույթներ։ Այդ նույն ժամանակահատվածում աշխարհի տարբեր երկրներից ժամանած խոհարարներն անցկացնում են խոհարարական ցուցադրություններ՝ նվիրված բաղադրիչներին, համերին և խոհարարական ավանդույթներին։
Ցուցահանդեսն անցկացվում է հոկտեմբերի 12-16-ը Հռոմում կայանալիք Պարենի համաշխարհային ֆորումի և Պարենի համաշխարհային օրվանն ընդառաջ:
«Արմենպրես»-ին Իտալիայում ՀՀ դեսպանատնից տեղեկացրին, որ ՄԱԿ-ի ՊԳԿ-ում Հայաստանի ներկայացուցչության նախաձեռնությամբ և ջանքերով ցուցահանդեսին Հայաստանը ներկայացված է առանձին տաղավարով՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային պավիլիոնի շրջանակում: Հայկական տաղավարը այցելուներին հրավիրում է բացահայտելու երկրի հարուստ գյուղատնտեսական ներուժը, հազարամյակների պատմությունը, մշակույթն ու ազգային ավանդույթները։
Իտալիայում ՀՀ դեսպան, ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունում մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանի ուղեկցությամբ Հայաստանի տաղավար են այցելել ՊԳԿ գլխավոր տնօրեն Քու Դունյուն, գլխավոր տնօրենի տեղակալ Բեթ Բեչդոլը, ՊԳԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ներկայացուցիչ, ՊԳԿ գլխավոր տնօրենի օգնական Վիորել Գուտուն, այլ տարածաշրջանային ներկայացուցիչներ և ՊԳԿ ղեկավար անձնակազմ:
Հայկական համն ու ինքնությունը՝ միջազգային հարթակում
Հայկական տաղավարում ներկայացված են Հայաստանի գյուղատնտեսական և սննդային արտադրանքը, հայկական գինիներն ու կոնյակը, ազգային զարդանախշերով ձևավորված սպասք, ինչպես նաև Հայաստանի հարուստ պատմական և մշակութային ժառանգությունն ու ինքնությունը ներկայացնող նյութեր։
Յուրաքանչյուր ցուցանմուշ պատմում է Հայաստանի մասին՝ հոգևոր ժառանգության, տառարվեստից ու ավանդույթներից մինչև ժամանակակից արտադրանք։
Հայկական տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացրել և բարձր գնահատանքի արժանացել բազմաթիվ այցելուների կողմից, իսկ աշխարհահռչակ կոնյակի և այլ նմուշների համտեսը ջերմ արձագանք է գտել՝ ևս մեկ անգամ ընդգծելով Հայաստանի ինքնատիպությունն ու միջազգային հանրությանը ներկայանալու ներուժը։
Առանձնահատուկ հետաքրքրություն է վայելում նաև լավաշը՝ հայկական խոհարարական ավանդույթի խորհրդանիշը, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։
«Հայաստանի մասնակցությունը ցուցահանդեսին կարևոր հնարավորություն է՝ միջազգային հանրությանը ներկայացնելու մեր երկրի ձեռքբերումները, գյուղատնտեսական ներուժն ու միջազգային շուկայում մրցունակության հեռանկարները։ Այն նաև հարթակ է հայկական արտադրանքը հանրահռչակելու, Հայաստանի հարուստ մշակութային ժառանգության և ազգային ինքնության մասին պատմելու, մշակութային կապերն ամրապնդելու և նոր համագործակցության հնարավորություններ ստեղծելու համար»,– հայտնեցին դեսպանությունից։