ԵԱՏՄ երկրների գյուղատնտեսական արտադրանքի առևտրաշրջանառությունը 2026 թ. յոթ ամիսներին աճել է 20%-ով
2 րոպեի ընթերցում
Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) գյուղատնտեսական արտադրանքի և պարենի ապրանքաշրջանառության ծավալը 2026 թ. հունվար-հուլիս ամիսների արդյունքներով ավելացել է 20%-ով, հայտարարել է ՌԴ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Մաքսիմ Մարկովիչը Ռուսաստանի «Ոսկե աշուն» ագրոարդյունաբերական ցուցահանդեսում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Պաշտոնյայի խոսքով՝ 2025 թվականին Միության շրջանակներում գյուղատնտեսական արտադրանքի և պարենի ապրանքաշրջանառության աճը հասել է մոտավորապես 18 միլիարդ դոլարի։
«Ինչ վերաբերում է ընթացիկ տարվան, ապա եթե նայենք հունվար-հուլիս ընկած ժամանակահատվածին, մեզ մոտ նույնպես դիտվում է ապրանքաշրջանառության մոտ 20% աճ։ Երևում է, որ մենք ունենք հավասարակշռված առևտուր», - ասել է Մարկովիչը։
Նա նշել է, որ այժմ մեծ ուշադրություն է նվիրվում ագրոարդյունաբերական համալիրի այնպիսի ուղղությունների զարգացմանը, ինչպիսիք են սելեկցիան և սերմնաբուծությունը, անասնաբուծության հատվածի արդյունավետության բարձրացումը, բարձր ավելացված արժեք ունեցող ապրանքների արտադրության ավելացումը։
«Եվ, սկզբունքորեն, դա, ըստ էության, ընթանում է այն ուղղությունների հունով, որոնք առաջնահերթային են Միության շրջանակներում և այն պոտենցիալ համագործակցային նախագծերի շրջանակներում, որոնք մենք միասին կիրականացնենք», - հավելել է փոխնախարարը: