Մոլդովան կներկայացնի ԵՄ-ին անդամակցելու բանակցությունների նոր գլուխների մասով իր դիրքորոշումները. Moldpres
2 րոպեի ընթերցում
Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և Moldpres-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։
Մոլդովայի Հանրապետությունը կներկայացնի Եվրոպական միությանն անդամակցելու շուրջ բանակցությունների շրջանակում գլուխների երկու խմբի՝ «Ներքին շուկա»-ի (2-րդ կլաստեր) և «Մրցունակություն և ներառական աճ»-ի (3-րդ կլաստեր) վերաբերյալ իր բանակցային դիրքորոշումները։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Moldpres-ից, այս մասին հայտնել է Եվրոպական ինտեգրման հարցերով փոխվարչապետ Քրիստինա Գերասիմովը՝ նշելով, որ Քիշնևի իշխանություններին արդեն ուղարկվել է համապատասխան պաշտոնական հրավերը։
«Մոլդովան ևս մեկ քայլ է կատարում ԵՄ-ին անդամակցելու բանակցություններում։ Մենք ստացել ենք պաշտոնական հրավեր՝ ներկայացնելու մեր բանակցային դիրքորոշումները գլուխների երկու խմբի՝ «Ներքին շուկա»-ի (2-րդ կլաստեր) և «Մրցունակություն և ներառական աճ»-ի (3-րդ կլաստեր) վերաբերյալ։ Այս փուլը նախապատրաստում է դրանց պաշտոնական բացումը հաջորդ միջկառավարական խորհրդաժողովի ընթացքում», - ասել է Քրիստինա Գերասիմովը։
Նրա խոսքով՝ իշխանությունները պատրաստ են առաջ շարժվել բանակցային գործընթացում։
«Մենք պատրաստ ենք առաջ շարժվել։ Մենք շնորհակալություն ենք հայտնում ԵՄ խորհրդում Իռլանդիայի նախագահությանը՝ ցուցաբերած աջակցության և Մոլդովայի անդամակցության հարցը եվրոպական օրակարգում պահելու համար», - նշել է փոխվարչապետը։
Մինչ այժմ Մոլդովայի Հանրապետությունը Եվրոպական միության հետ բացել է բանակցային երկու կլաստեր՝ 1-ին կլաստերը («Հիմնարար սկզբունքներ») 2026 թ. հունիսի 15-ին, իսկ 6-րդ կլաստերը («Արտաքին հարաբերություններ»)՝ 2026թ. հուլիսի 14-ին։ Դրանք, ընդհանուր առմամբ, ներառում են բանակցային յոթ գլուխ։ Հաջորդիվ նախատեսվում է բացել 2-րդ («Ներքին շուկա»), 3-րդ («Մրցունակություն և ներառական աճ»), 4-րդ («Կանաչ օրակարգ և կայուն կապակցվածություն») և 5-րդ («Ռեսուրսներ, գյուղատնտեսություն և համախմբում») կլաստերները։