Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողի նկատմամբ
2 րոպեի ընթերցում

Դատախազը հոկտեմբերի 2-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևի նկատմամբ՝ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում արձանագրված դեպքի առնչությամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Քրեական հետապնդումը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 1-ին մասով, 340-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով, 207-րդ հոդվածի 1-ին մասով և 166-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ ու 6-րդ կետերով։
Ավելի վաղ դատախազությունից հայտնել էին, որ դեպքի առնչությամբ նախաձեռնված՝ զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու, հրազենի ապօրինի շրջանառության և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու վերաբերյալ քրեական վարույթին միացվել է պետական սահմանն ապօրինի հատելու և հրազենի մաքսանենգության վերաբերյալ ևս մեկ վարույթ։
Ըստ դատախազության հրապարակած տեղեկությունների՝ հոկտեմբերի 1-ին ժամը 14։00-ի սահմաններում, ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևն ապօրինի մուտք է գործել Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի տներից մեկը և հայտնաբերվելուց հետո զենքից կրակոցներ արձակել։ Վիրավորվել է 1987 թվականին ծնված ՀՀ քաղաքացի Ա․Ա․-ն։ Մուսաևը դիմել է փախուստի, այնուհետև հայտնաբերվել Շաքիի մեկ այլ հասցեում և ժամը 15։30-ին ձերբակալվել ու ներկայացվել նախաքննության մարմին։
Վիրավորված քաղաքացին բուժօգնություն է ստացել Սիսիանի բժշկական կենտրոնում, ապա տեղափոխվել Երևան։ Մարմնական վնասվածքներով նույն բժշկական կենտրոն են դիմել նաև նրա՝ 2011 և 2014 թվականներին ծնված երեխաները։ Ավագ երեխայի մոտ արձանագրվել է աջ դաստակի կոտրվածք, իսկ կրտսերի մոտ՝ փափուկ հյուսվածքների սալջարդ։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր զինծառայողի՝ ծառայության վայրը լքելու մասին՝ չբացառելով նրա կողմից Հայաստանի սահմանն ապօրինի հատելու հնարավորությունը։ Դրանից հետո երկու երկրների իրավասու մարմիններն իրականացրել են որոնողական աշխատանքներ։