Թրամփը Ճապոնիայի վարչապետի հետ քննարկել է տնտեսական գործընկերության ամրապնդման վերաբերյալ հարցեր
2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպում է անցկացրել Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի հետ, քննարկել տնտեսական անվտանգության գործընկերության բարելավումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Japan Times-ը։
Տակաիչին նշել է, որ Ճապոնիան յոթ տարի անընդմեջ եղել է ԱՄՆ-ում ամենամեծ ներդրողը։ Երկու առաջնորդները նաև հաստատել են իրենց հանձնառությունը՝ ամրապնդելու երկկողմ տնտեսական կապերը։ Նա նաև նշել է, որ տնտեսական անվտանգության համագործակցությունը զարգանում է այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են արհեստական բանականությունը, կիսահաղորդիչները և կարևորագույն հանքանյութերը։
Պաշտոնյաները քննարկել են Չինաստանին վերաբերող հարցեր՝ այդ երկրի առաջնորդ Սի Ծինփինի՝ ԱՄՆ պետական այցից առաջ։
«Ճապոնիան կարևոր է համարում, որ ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները նպաստեն միջազգային հանրության, այդ թվում՝ Ճապոնիայի կայունությանը», - ասել է Տակաիչին հանդիպումից հետո։
Տակաիչին և Թրամփը քննարկել են նաև Հյուսիսային Կորեայի հարցը` վերահաստատելով «իրենց անսասան հանձնառությունը» Փհենյանի լիակատար ապամիջուկայնացմանը:
Տակաիչին և Թրամփը նաև համաձայնության են եկել՝ կայուն կերպով իրականացնելու մաքսատուրքերի վերաբերյալ համաձայնությունը՝ 550 միլիարդ դոլարի չափով: Երկու առաջնորդները նաև անդրադարձել են Թրամփի վարչակազմի կողմից Միջազգային քրեական դատարանի դեմ սաստկացող արշավին, որի ընթացքում Տակաիչին պարզաբանել է Տոկիոյի դիրքորոշումը, որը շարունակում է հակասել ԱՄՆ-ի դիրքորոշմանը։
2025 թ. հունվարին նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր Թրամփը պատժամիջոցներ է կիրառել Միջազգային քրեական դատարանի 13 պաշտոնյաների, այդ թվում՝ դատարանի նախագահ Տոմոկո Ականեի և մի քանի դատավորի նկատմամբ՝ ԱՄՆ քաղաքացիների և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ կապված գործերի հետաքննության համար։