2 րոպեի ընթերցում
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) Միացյալ Նահանգներին զգուշացրել է զերծ մնալ ցանկացած նոր հարձակումից այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած իր ելույթի ժամանակ սպառնացել է ոչնչացնել Իրանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Press TV հեռուստաալիքը։
«Թրամփը մոռանում է, որ արդեն ավելի վաղ սպառնացել է, սակայն չի կարողացել իրականացրել իր սպառնալիքները, իսկ այժմ վերստին հանդես է գալիս նորերով», - Press TV-ն մեջբերում է ԻՀՊԿ-ի ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբիի խոսքը։
Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը նման գործողությունների դիմելու դեպքում չի հասնի «ոչնչի, բացի ձախողումից»։
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը նույնպես նախազգուշացրել է, որ Թեհրանն «էլ ավելի դաժան, ջախջախիչ ու անսպասելի հարվածներ» կհասցնի։ Նա նշել է, որ ԱՄՆ-ի կողմից «անհիմն մեղադրանքների և սպառնալիքների» կրկնությունը չպետք է դիտարկվի որպես ուժի նշան, հաղորդում է հեռուստաալիքը։
Բացի այդ, Իսլամական Հանրապետության խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Իրանը չի հանձնվի և իր գործունեությունը չի դադարեցնի ԱՄՆ-ի կողմից ճնշման ներքո, հաղորդում է իրանական պետական Tasnim գործակալությունը։
ԱՄՆ նախագահը սեպտեմբերի 22-ին ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, հայտարարել է, թե կանգնած է ընտրության առջև՝ Իրանի հետ կնքել համաձայնագիր թե՞ ոչնչացնել երկիրը։