Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. նախաքննությունն ավարտվել է

4 րոպեի ընթերցում

Հայաստանի քննչական կոմիտեի Lոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Ստեփանավանի բժշկական կենտրոն»-ի տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերով հափշտակության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ԲԿ-ի տնօրենը քաջատեղյակ լինելով, որ բժշկական կենտրոնը դեռևս 2021 թվականին ընկերություններից մեկից 9 մլն ՀՀ դրամ գումարով բժշկական սարքավորումներ է ձեռք բերել և չի վճարել, ՀՀ առողջապահության նախարարության կողմից բժշկական կենտրոնի կարիքների համար գումարներ փոխանցված լինելու պայմաններում, ֆինանսավորում ստացած չլինելու կեղծ պատճառաբանություններով հրաժարվել է վճարել ապրանքների արժեքը՝ հափշտակելով հիշյալ 9 մլն ՀՀ դրամը:

Բացի այդ, տնօրենը նույն ընկերության գլխավոր հաշվապահի և մի շարք աշխատակիցների հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, խաբեությամբ հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2023 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին ձևակերպել են շտապօգնության կեղծ կանչեր՝ համապատասխան գրառումներ կատարելով կանչերի գրանցման մատյաններում և շտապօգնության վարորդներին հատկացվող երթուղային թերթիկներում, ինչպես նաև պետական պատվերի շրջանակում բուժօգնությունից օգտվելու իրավունք ունեցող՝ «Ստեփանավանի բժշկական կենտրոն»-ի աշխատողների և նրանց հարազատների անվամբ կազմել են մեծահասակի հիվանդության պատմագրեր, մինչդեռ տվյալ անձինք իրականում առողջության հետ կապված խնդրով բժշկական կենտրոնին չեն դիմել և բժշկական օգնություն չեն ստացել, ինչի հետևանքով հափշտակել են ընդհանուր 16 մլն ՀՀ դրամ:

Այսպիսով, նշված հանցավոր արարքների հետևանքով ՀՀ առողջապահության նախարարությունից խաբեությամբ հափշտակվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 25 մլն ՀՀ դրամ գումար:

Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ բժշկական կենտրոնի տնօրենն առավել շահավետ պայմաններով հիփոթեքային վարկ ձևակերպելու նպատակով «Ստեփանավանի բժշկական կենտրոն»-ի գործավարի աշխատավարձը 2023 թվականի մայիսից բարձրացրել է 30 հզր ՀՀ դրամով, այնուհետև վերջինիս ընդգրկել է որպես համավարկառու՝ հափշտակելով իրեն վստահված խոշոր չափերով՝ 960 հզր ՀՀ դրամը:

Նախաքննության ընթացքում «Ստեփանավանի բժշկական կենտրոն»-ի տնօրենի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 2-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով և խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը), 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը) (2 դրվագ), գլխավոր հաշվապահի նկատմամբ՝ 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը) (2 դրվագ)։

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հայերեն

Գինու ազգային օրվա կապակցությամբ Մոլդովայի Մեծ ազգային ժողովի հրապարակում հսկայական խաղողի վազ կտեղադրվի․ Moldpres

Սուրեն Պապիկյանն ու ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարները Պեկինում քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր

Իրանից հայտնել են, որ մոտ են Օմանի հետ Հորմուզի նեղուցում միջանցքի շուրջ համաձայնագրին

ՀՀ գլխավոր դատախազն ապօրինի գույքի բռնագանձման ոլորտում Հայաստանի փորձն է ներկայացրել Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-17/09/26

Ասիական ինդեքսներ - 17/09/26

Շվեդիայի վարչապետը հրաժարական է տվել

Եմենի կառավարական ուժերի և հութիների միջև մարտեր են ընթանում Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մոտակայքում

Խորհրդարանում ունենք այն պատկերը, որի օգտին քվեարկել են ՀՀ քաղաքացիները. ԿԸՀ նախագահ

Փրկվել է Միջազգային կարմիր ցուցակում և ՀՀ Կարմիր գրքում գրանցված սապսանը. ԲԸՏՄ