Ուկրաինան ողջունում է էներգետիկ հրադադարին ուղղված ԱՄՆ-ի նախաձեռնությունը
2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան հայտարարել է, որ Կիևը ողջունում է էներգետիկ հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի նախաձեռնությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Ուկրաինան պատրաստ է այդ հրադադարին։ Գործընկերները գիտեն մեր դիրքորոշումը…. Մենք ողջունում ենք այդ ջանքերը և հույս ունենք, որ դրանք կհանգեցնեն ցանկալի արդյունքի», - ասել է նա Մոնակոյի արտաքին գործերի նախարար Իսաբել Բերո-Ամադեյի հետ բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։
Իր հերթին, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գաղափարը ռուս-ուկրաինական էներգետիկ հրադադարի վերաբերյալ, ընդհանուր առմամբ, լավն է։ Ընդ որում, նա նշել է, որ Ուկրաինան գիշերը փորձել է հարված հասցնել Ռուսաստանի տարածքում գտնվող էներգետիկ օբյեկտներից մեկին:
Սեպտեմբերի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social հարթակում հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են դադարեցնել միմյանց էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածները։ Նա դիզելային վառելիքի գների համաշխարհային աճը մեծ մասամբ վերագրել էր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող պատերազմին, այլ ոչ թե Միացյալ Նահանգների և Իրանի միջև հակամարտությանը։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստակամություն է հայտնել համաձայնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկին, սակայն որոշ պայմաններ է առաջադրել դրա համար։