Հայաստան

ՀՎԿԱԿ-ը պարզաբանել է, թե որ կառույցներն են վերահսկում Հայաստանում խմելու ջրի որակը

3 րոպեի ընթերցում

ՀՎԿԱԿ-ը պարզաբանել է, թե որ կառույցներն են վերահսկում Հայաստանում խմելու ջրի որակը

Հայաստանում խմելու ջրի որակի արտադրական հսկողությունն իրականացնում է ջրամատակարար կազմակերպությունը, իսկ սանիտարական կանոնների և նորմերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողությունը՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին պարզաբանել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

ՀՎԿԱԿ-ից նշել են, որ Հայաստանում խմելու ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջները ներկայում սահմանված են ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի N 876 հրամանով։

«Խմելու ջրի որակի նկատմամբ իրականացվում է արտադրական հսկողություն՝ ջրամատակարարում իրականացնող կազմակերպության կողմից, իսկ սահմանված սանիտարական կանոնների և նորմերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը»,-ասվում է պարզաբանման մեջ։

Կենտրոնը միաժամանակ ընդգծել է, որ ՀՎԿԱԿ-ը ջրի որակի նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող մարմին չէ։

«Միաժամանակ, բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման շրջանակում ՀՎԿԱԿ-ն իրականացնում է խմելու ջրի անկախ մոնիթորինգ և լաբորատոր հետազոտություններ, որոնք հնարավորություն են տալիս գնահատելու հնարավոր սանիտարահամաճարակային ռիսկերը և անհրաժեշտության դեպքում ձեռնարկելու համապատասխան հանրային առողջապահական միջոցառումներ»,-հայտնել են կենտրոնից։

ՀՎԿԱԿ-ից շեշտել են, որ ջրի որակի արտադրական հսկողությունը, պետական վերահսկողությունը և կենտրոնի կողմից իրականացվող անկախ մոնիթորինգը տարբեր գործառույթներ են, որոնք, ընդհանուր առմամբ, ուղղված են բնակչության առողջության և սանիտարահամաճարակային անվտանգության պահպանմանը։

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի շեմը։ ՀՎԿԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղի մասնագետները նմուշառում են իրականացրել այն բանից հետո, երբ բնակիչներից մեկը հայտնել է իր բնակարանի ծորակից հոսող ջրում մետաղական զանգված նկատելու մասին։

Կրկնակի նմուշառումներ են կատարվել չորս կետից՝ այդ թվում ջրաղբյուրից և բնակիչների ծորակներից, և սեպտեմբերի 11-ին ստացված արդյունքներով նույն շեղումը կրկին արձանագրվել է։ Մինչև ջրի որակի վերականգնումը Ծավի բնակիչներին հորդորվել է ջուրը չօգտագործել խմելու և կենցաղային նպատակներով։ Առողջական վիճակի հետ կապված ախտանշաններ բնակիչների շրջանում չեն արձանագրվել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում