Հայաստան-Լեհաստան մշակութային երկխոսություն. քննարկվել է գորգերի համատեղ ցուցադրության հնարավորությունը
2 րոպեի ընթերցում
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության Թագավորական ամրոցի գլխավոր տնօրեն Մալգոժատա Օմիլանովսկային:
Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը:
Նախարարը ողջունել է Լեհաստանի Թագավորական ամրոցի պատվիրակության այցը Հայաստան՝ շնորհակալություն հայտնելով մշակույթի ոլորտում համագործակցության հետաքրքրություն ցուցաբերելու համար։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման առանցքում Հայաստանի և Լեհաստանի համատեղ ջանքերով գորգերի ցուցադրության կազմակերպման հնարավորությունն էր՝ ընդգծելու Հայաստանի և Լեհաստանի մշակութային ժառանգության, պատմական կապերի և մշակութային երկխոսության ընդհանրությունները։
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ Հայաստանում նախատեսվում է ունենալ Գորգի թանգարան, ինչը համագործակցության նոր հեռանկարներ կբացի երկու երկրների ժառանգությունը հանրահռչակելու ուղղությամբ: Այս համատեքստում քննարկվել է գորգերի համատեղ ցուցադրության հնարավորությունը։
Հանդիպմանը անդրադարձ է եղել մշակույթի և կրթության փոխկապակցությանը․ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ Հայաստանի կրթական համակարգում թանգարանները և հուշարձանները դիտարկվում են որպես կրթական միջավայրեր, և այդ ուղղությամբ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում՝ դպրոցահասակներին ևս հաղորդակից դարձնելու մշակութային կյանքին:
Մալգոժատա Օմիլանովսկան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ հույս հայտնելով, որ այն կնպաստի մշակութային երկխոսության գործնականացմանը: Նա հայտնել է, որ արդեն իսկ հասցրել է այցելել Հայաստանի մի շարք պատմական վայրեր, որոնք իրենց համամարդկային արժեքով չափազանց տպավորիչ են:
Կողմերը քննարկել են Հայաստանի և Լեհաստանի մշակութային հաստատությունների միջև կայուն համագործակցության հարթակների ձևավորման հնարավորությունները։