Քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
1 րոպեի ընթերցում
Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հ.Ս.-ն թիվ 15/48 ընտրական տեղամասում ՀՀ Ազգային Ժողովի հերթական ընտրություններին մասնակցելիս, իր նախընտրած՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի քվեաթերթիկը բացահայտ և այլ անձանց համար տեսանելի եղանակով ցուցադրել է նույն ընտրական տեղամասում ներկա անձանց, որից հետո վերոհիշյալ քվեաթերթիկը գցել է քվեատուփի մեջ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից՝ նշելով, որ Հ.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելը):
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: