2 րոպեի ընթերցում
Իսլանդիայի արտաքին գործերի նախարար Թորգերդուր Կատրին Գունարսդոուտիրը կանչել է ԱՄՆ դեսպան Բիլլի Լոնգին՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կողմից քարտեզի հրապարակումից հետո, որտեղ Իսլանդիայի տարածքը ներկված է ամերիկյան դրոշի գույներով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է RUV հեռուստառադիոընկերությունը:
Truth Social-ում Թրամփի կողմից հրապարակված քարտեզի վրա պատկերված են ԱՄՆ-ն, Մեքսիկան, Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի մի քանի երկիր, Կանադան, Գրենլանդիան և Իսլանդիան՝ բոլորը ներկված ամերիկյան դրոշի գույներով: Թրամփը հրապարակված պատկերին կից որևէ բացատրություն չի ներկայացրել։
«Մենք հանդիպմանը հստակեցրինք, որ այդ հրապարակումը բացարձակապես անընդունելի է», - հայտնել են RUV-ին գերատեսչությունում ԱՄՆ դեսպանի հետ զրույցից հետո:
Միացյալ Նահանգների ղեկավարը մեկ անգամ չէ, որ հրապարակումներ է արել, մասնավորապես, Կանադայի և Դանիայի ինքնավար տարածք հանդիսացող Գրենլանդիայի՝ ԱՄՆ-ի կազմ մտնելու հնարավորության մասին: Բացի այդ, Թրամփը սոցիալական ցանցում հրապարակել է Միացյալ Նահանգների մի քանի քարտեզ, որոնցում ԱՄՆ Նյու Մեքսիկոյի նահանգը վերանվանված է Նյու Ամերիկա: Սեպտեմբերի 6-ին նա հայտարարել է, որ հավանություն է տալիս նահանգի անվանափոխությանը: