Փաշինյանն Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման հստակ ժողովրդական մանդատ ունի․ վարչապետի խոսնակը՝ WSJ-ին

4 րոպեի ընթերցում

Ադրբեջանի հետ խաղաղության հաստատումը Հայաստանի կառավարության կարևորագույն խոստումն է, և վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրա իրականացման համար ունի ժողովրդի հստակ մանդատը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին The Wall Street Journal-ին ասել է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանը՝ մեկնաբանելով հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնության ձեռքբերման գործընթացում ԱՄՆ-ի տնտեսական և տեխնոլոգիական առաջարկների դերակատարության մասին պարբերականի հրապարակումը։

Նա նշել է նաև, որ նախորդ տարվա օգոստոսին Վաշինգտոնում ստորագրված երկկողմ փաստաթղթերը, այդ թվում՝ կիսահաղորդիչների և արհեստական բանականության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը, Հայաստանի համար խաղաղության արդյունքում ստեղծված կարևոր հնարավորություններ են։

The Wall Street Journal-ը, վկայակոչելով բանակցություններին մասնակցած անձանց, գրել է, որ ԱՄՆ բանակցողները Հայաստանի համար Nvidia ընկերության՝ արհեստական բանականության առաջատար չիպերին հասանելիությունն ընդլայնելու խոստումն օգտագործել են որպես տնտեսական խթան՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև նախնական խաղաղության համաձայնության ձեռքբերմանն աջակցելու համար։

Պարբերականն այս մոտեցումը ներկայացրել է որպես ԱՄՆ վարչակազմի, այսպես կոչված, «չիպային դիվանագիտության» առավել ուշագրավ օրինակներից մեկը։ Եթե այլ երկրների հետ տեխնոլոգիական առաջարկներն օգտագործվել են տնտեսական համաձայնությունների հասնելու համար, ապա Հայաստանի դեպքում դրանք, ըստ հրապարակման, ծառայել են նաև խաղաղության գործընթացին նպաստելու նպատակին։

Խոսքը, մասնավորապես, Հրազդանում կառուցվող Firebird արհեստական բանականության տվյալների կենտրոնի համար Nvidia-ի առաջատար չիպերի արտահանման թույլտվությունների մասին է։ Նախագծի ընդհանուր արժեքը, ինչպես նշում է պարբերականը, կարող է գերազանցել 5 միլիարդ դոլարը։ Նախատեսվում է կենտրոնը համալրել Nvidia-ի Grace Blackwell և Vera Rubin տեսակի շուրջ 70 հազար սերվերներով։

Firebird-ի բացման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն անվանել էր խոշոր ձեռքբերում և ընդգծել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերակատարությունը՝ հիշեցնելով նախորդ տարի ստորագրված հուշագիրը, որն ընդլայնել է Հայաստանի և Միացյալ Նահանգների համագործակցությունը տեխնոլոգիաների և առևտրի ոլորտներում։

WSJ-ի տեղեկություններով՝ ԱՄՆ բանակցային թիմը համարել է, որ խաղաղության գործընթացը կարող է ամրապնդվել, եթե Հայաստանին առաջարկվեն Միացյալ Նահանգների հետ ավելի սերտ տնտեսական հարաբերություններ և ժամանակակից տեխնոլոգիաների հասանելիություն։

Պարբերականը հղում է արել նաև ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի թիմի՝ 2025 թվականի հունիսով թվագրված փաստաթղթին։ Դրանում նախատեսվել է խաղաղության գործընթացի շրջանակում խորացնել Հայաստանի և ԱՄՆ-ի տնտեսական հարաբերությունները, աջակցել Հայաստանի տեխնոլոգիական ոլորտին և Firebird նախագծին անհրաժեշտ չիպերի համար արտահանման թույլտվություններ տրամադրել։

Firebird-ն ի սկզբանե դիմել էր շուրջ 6 հազար գրաֆիկական պրոցեսորի արտահանման թույլտվություն ստանալու համար։ WSJ-ի տվյալներով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև նախնական համաձայնության ձեռքբերումից հետո ամերիկյան կողմը համաձայնել է թույլատրել Nvidia-ի տասնյակ հազարավոր առաջատար GB300 պրոցեսորների մատակարարումը։

Հայերեն English Русский

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից

Պուտինը հանձնարարել է երեք օր հարվածներ չհասցնել Կիևին․ Ուկրաինան ևս դադարեցրել է օդային հարվածները

Ինչ է մնում, երբ հիշողությունները սկսում են խամրել․ երևանյան բեմ կբարձրանա «Քանի չեմ մոռացել» պարային ներկայացումը

ԿԽՄԿ-ի սոցիալ-տնտեսական ծրագրերը նպաստում են սահմանամերձ Շիկահողի զարգացմանն ու գյուղի պահպանմանը

Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Ռուսաստան՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու առաջարկով

«Աբովյան» ՔԿՀ-ում քննարկվել են օտարերկրացիների և ապաստան հայցողների իրավունքների ապահովման հարցերը

Իրանական նավթատարը Խարգ կղզու մոտ խոցվել է ԱՄՆ-ի արձակած չորս հրթիռով

Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով

«Երևան» երկաթուղային կայարանում բացվել է Tour EXPO 2026 ցուցահանդեսը

Փաշինյանն Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման հստակ ժողովրդական մանդատ ունի․ վարչապետի խոսնակը՝ WSJ-ին