4 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
05 սեպտեմբեր, 2026
ՀՀ նախարարություններ
Ժամը 16:00-ին Կարապի լճի հարևանությամբ տեղի կունենա «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշի ներկայացման հանդիսավոր արարողությունը, որով ազդարարվելու է պատմական այս մրցաշարի մուտքը Հայաստան։ Միջոցառմանը ներկա կլինի ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Tour of Armenia»-ն UCI Europe Tour 2.2 կարգի միջազգային, պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազք է, որն անցկացվելու է սեպտեմբերի 10-13-ը։ Մրցաշարն ընդգրկում է 4 մրցափուլ, 587 կմ ընդհանուր հեռավորություն և 5,300 մետր վերելք՝ անցնելով Հայաստանի չորս մարզերով (Գեղարքունիք, Տավուշ, Լոռի, Արագածոտն) և եզրափակվելով մայրաքաղաք Երևանում (սեպտեմբերի 10՝ Գավառ - Մեծ Մասրիկ, սեպտեմբերի 11՝ Կիրանց - Ստեփանավան, սեպտեմբերի 12՝ Մարտունի - Դիլիջան/Պարզ լիճ, սեպտեմբերի 13՝ Երևան)։
Պետական կառույցներ
Ժամը 13։00-ին Երևանի երկաթուղային կայարանի գլխավոր նախասրահում /Տիգրան Մեծ 80/ կկայանա «TOUR EXPO 2026» միջազգային մասնագիտացված զբոսաշրջային ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը, որը կանցկացվի «NEO CONCEPT» LLC-ի նախաձեռնությամբ, ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի պաշտոնական աջակցությամբ, Հարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ-ի գլխավոր հովանավորությամբ, Դիլիջան ԻՆՆ-ի հովանավորությամբ՝ սեպտեմբերի 5–6-ը։ TOUR EXPO 2026-ի շրջանակում այցելուները հնարավորություն կունենան՝ ծանոթանալու Հայաստանի և այլ երկրների զբոսաշրջային ուղղություններին, բացահայտելու հյուրանոցային, տուրիստական և զբոսաշրջային ծառայությունների նոր առաջարկներ, անմիջական կապ հաստատելու ոլորտի ներկայացուցիչների հետ, տեղեկանալու առաջիկա ճանապարհորդությունների և հատուկ առաջարկների մասին, մասնակցելու ցուցահանդեսի շրջանակում նախատեսված միջոցառումներին և ակտիվություններին։ Ցուցահանդեսը մեկ վայրում կհամախմբի զբոսաշրջային գործակալությունների և տուրօպերատորների, հյուրանոցների և հանգստյան համալիրների, ավիաընկերությունների և տրանսպորտային ընկերությունների, զբոսաշրջային ուղղությունների և տարածաշրջանների, ինչպես նաև ոլորտին առնչվող այլ կազմակերպությունների Հայաստանից, Վրաստանից, Կիպրոսից։ Ներկայացված են լինելու ՀՀ գրեթե բոլոր մարզերը, Շրջակա միջավայրի նախարարության ՊՈԱԿ-ներ: Կազմակերպիչ՝ Neo Concept LLC, +374 93 47 11 39:
Մշակույթ
Ժամը 18։00-ին Գրականության և արվեստի թանգարանում Գրքի երևանյան 9-րդ միջազգային փառատոնի շրջանակում կբացվի «Ռուբեն Ֆիլյան. գրողի սենյակը» ժամանակավոր ցուցադրությունը։ Երեկոյի ընթացքում տեղի կունենա նաև Ֆիլյանի «Քո երկրի դեսպանը» վեպի անգլերեն թարգմանության շնորհանդեսը, որը հրատարակվել է «ԱՐԻ» գրականության հիմնադրամի նախաձեռնությամբ։ Ցուցադրությունն առաջին անգամ հանրությանը կներկայացնի 1970-ականների հայ գրականության ամենաինքնատիպ հեղինակներից մեկի՝ Ռուբեն Ֆիլյանի անձնական արխիվից պահպանված ձեռագրերը, լուսանկարները, անձնական իրերն ու արվեստի գործերը՝ վերականգնելով այն սենյակի միջավայրը, որտեղ նա ստեղծագործում էր։ Այդ սենյակը հայտնի էր Երևանում. այնտեղ հավաքվում էին գրողներ, նկարիչներ ու երաժիշտներ։