7.9 մլն դրամ արժողության բջջային հեռախոսներ և կենցաղային այլ իրեր գողանալու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, անձը կալանավորվել
2 րոպեի ընթերցում

Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում տարբեր շինություններից և տրանսպորտային միջոցներից գողություններ կատարելու դեպքերի առթիվ իրականացված բազմադրվագ և մեծածավալ քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վ․Հ․-ն 2024-2026 թվականների ընթացքում մուտք գործելով Երևան քաղաքում և ՀՀ տարբեր մարզերում գործող ծաղկի վաճառասրահներ, դեղատներ և սննդի սպասարկման կետեր, օգտվելով այնտեղ գտնվող անձանց անուշադրությունից, որոշ դեպքերում նաև տարբեր վայրերում կայանված տրանսպորտային միջոցների դռները կողպված չլինելու հանգամանքներից՝ գողացել է շուրջ 40 քաղաքացիների պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 7 մլն 950 հզր ՀՀ դրամ ընդհանուր արժողության բջջային հեռախոսներ և կենցաղային այլ իրեր:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաքննության ընթացքում, նկարագրված արարքների համար, Վ․Հ.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով գողությունը):
Նա կալանավորվել է:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։