Քաղաքականություն

Փաշինյանը հայտարարել է՝ Պուտինի հետ ըմբռնում են ձևավորել, որ հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարման հարցը պետք է որևէ ձևով լուծել

3 րոպեի ընթերցում

Փաշինյանը հայտարարել է՝ Պուտինի հետ ըմբռնում են ձևավորել, որ հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարման հարցը պետք է որևէ ձևով լուծել

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Բիշքեկում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը՝ նշելով, որ այն անցել է դրական աշխատանքային մթնոլորտում, որի ընթացքում մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այդ մասին խոսել է ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

«Հանդիպումը դրական էր՝ աշխատանքային մթնոլորտում։ Մենք պայմանավորվել ենք, որ առաջիկայում ես այց կունենամ Մոսկվա, և կքննարկենք տարբեր հարցեր։

Նաև աշխատանքային որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերեցինք։  Մասնավորապես, գաղափար առաջացավ, որ մենք պետք է գույքագրման ենթարկենք Հայաստան-Ռուսաստան հարաբերություններ հասկացությունը՝ պատկերացնելու համար, թե դա գործնականում ինչ է նշանակում։ Այսինքն՝ ի՞նչ տողեր կան այդ ենթավերնագրի ներքո, և ո՞ր տողերն են, որոնց հետ կապված մենք երկուստեք ունենք նույն դիրքորոշումը,  ո՞ր տողերն են, որոնց հետ կապված ունենք այլ դիրքորոշումներ, որտե՞ղ է, որ մենք ունենք միանշաակ դրական կարծիք,  և որտե՞ղ է, որ մեր կարծիքները միանշանակ չեն»,- մանրամասնել է Փաշինյանը։

Նա հավելել է, որ քննարկել են ամենատարբեր ոլորտների հարցեր, անդրադարձ է եղել նաև Հայաստանի երկաթուղային ցանցի՝ ռուսական կոնցեսիոն կառավարմանը։

«Երկաթուղու հարցում ըմբռնում է ձևավորվել, որ այդ հարցը որևէ ձևով պետք է լուծենք։ Ինձ համար ակնհայտ է, որ ընթացիկ վիճակը չի կարող երկար շարունակվել, և պետք է լուծումների գնանք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ ռուսական կողմին առաջարկել էր Հայաստանի և Ռուսաստանի համար ընդունելի որևէ երրորդ երկրի վաճառել հայկական երկաթուղային ցանցի կոնցեսիոն կառավարումը, քանի որ ռուսական կառավարումը Հայաստանին զրկում է որոշակի մրցակցային առավելություններից։ ՀՀ վարչապետն ասել էր, որ Հայաստանը միջազգային երկաթուղային ցանցին ինտեգրվելու պատմական հնարավորություն ունի, սակայն այն հանգամանքի բերումով, որ հայկական երկաթուղին տրված է ՌԴ-ի կոնցեսիոն կառավարմանը, կարող է զրկվել այդ հնարավորությունից։ Նա շեշտել էր, որ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ զրկվել նման հնարավորությունից, և որ հարցը պետք է, ի վերջո, լուծում ստանա։ Նա նաև հստակեցրել էր, որ Հայաստանը ցանկանում է խնդիրը լուծել բարեկամակն մթնոլորտում։

Բիշքեկում Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպումից հետո Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Ռուսաստանը հայկական երկաթուղու կառավարման կոնցեսիան վաճառելու կարիք չի տեսնում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում