2 րոպեի ընթերցում
Արևմուտքը ձգտում է ոչ թե կարգավորել ուկրաինական հակամարտությունը, այլ սառեցնել այն՝ պահպանելով սպառնալիքը Ռուսաստանի սահմաններին, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
«Նրանք ցանկանում են հավերժ պահպանել այս սադրիչ հանգամանքը», - ասել է նա՝ ելույթ ունենալով 11-րդ Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակներում։
Լավրովը նշել է, որ Արևմուտքն ասում է, որ Ուկրաինային չի ընդունի ՆԱՏՕ-ի կազմ, բայց կտրամադրի նույն երաշխիքները, որ ունեն դաշինքի անդամները։
«Այնպես որ, բացի նրանից, ինչ նրանք ցանկանում են ստեղծել այս հակամարտության արդյունքում, նրանք չեն ցանկանում կարգավորել այն, այլ սառեցնել՝ պահպանելով սպառնալիքը մեր սահմաններին», - հավելել է պաշտոնյան։
Ըստ ՏԱՍՍ-ի՝ նա նաև նշել է, որ Ռուսաստանը «երբեք չի վազի» Եվրոպայի հետևից՝ խնդրելով չեղարկել պատժամիջոցները։ Լավրովի խոսքով՝ ՌԴ-ն բավականաչափ բարեկամներ և գործընկերներ ունի, որոնք պատրաստ են ազնիվ համագործակցության, մինչդեռ Եվրոպան «ազնիվ համագործակցել չգիտի»։
Լավրովը հավելել է, որ Մոսկվան պատրաստ է շփումների բոլորի հետ, ովքեր պատրաստ են մի կողմ դնել «այլասերված քաղաքականությունը» և կենտրոնանալ բնական շահերի վրա, առաջին հերթին՝ տնտեսական և սոցիալական ոլորտներում։