3 րոպեի ընթերցում
Վաշինգտոնի և Թեհրանի միջև փոխըմբռնման հուշագրից դուրս լուծումներն անհրաժեշտ են Իրանի շուրջ հակամարտությունը լուծելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X հարթակում գրառման մեջ նշել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդական Անվար Գարգաշը։
«Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն վիճակը չի կարող լինել կայուն լուծում, բացի այդ, Պարսից ծոցի երկրները և Հորդանանը թիրախավորելու քաղաքականությունը ձախողվել է։ Այսօր անհրաժեշտ են քաղաքական և տնտեսական ասպեկտները հասցեագրող իրատեսական և կայուն քաղաքական լուծումներ՝ սկսած Հորմուզի նեղուցում լարվածության թուլացումից և նավագնացության բնականոն ընթացքի վերականգնումից և հասնելով ավելի իրատեսական մոտեցման, որը կգերազանցի փոխըմբռնման հուշագիրը, որը չկարողացավ ուրվագծել գործնական և ընդունելի ճանապարհային քարտեզ», - նշել է նա գրառման մեջ։
Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Իրանի բանակը հայտնել է, որ օգոստոսի 31-ի առավոտյան տասնյակ անօդաչու թռչող սարքերով թիրախավորել է Արաբական Միացյալ Էմիրությունների ալ-Մինհադ ավիաբազայում գտնվող ԱՄՆ ռազմական դիրքերն՝ ի պատասխան Իրանի Լարակ կղզու վրա ամերիկյան հարձակման։
ԱՄԷ պաշտպանության նախարարությունը, սակայն, հերքել է ալ-Մինհադ ավիաբազայի վրա հարձակման մասին շրջանառվող տեղեկությունները՝ նշելով, որ հաղորդագրությունները կեղծ են։ Միևնույն ժամանակ ԱՄԷ-ն հայտնել է, որ երկրի ռազմաօդային ուժերն արձագանքել են Իրանից իրենց տարածքային ջրերի վրայով թռչող անօդաչու սարքին։
Թեհրանը նաև թիրախավորել է Հորդանանում ամերիկյան երկու ռազմաբազա՝ ի պատասխան ամերիկյան հարձակման։ Օգոստոսի 30-ի ուշ երեկոյան ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր, որ ԻՀՊԿ-ն պատրաստվում էր ծովային ականներով հրթիռներ արձակել դեպի Հորմուզի նեղուց, և ամերիկյան ուժերը «սահմանափակ և ճշգրիտ գործողություն» են իրականացրել Հորմուզի նեղուցում ականներ տեղադրող ուժերի դեմ՝ թիրախավորելով հրթիռների արձակման կայանքներ։ Իրանական կողմը հայտնել է, որ պայթյուններ են տեղի ունեցել Լարակ կղզում։ Կան զոհեր և վիրավորներ։