Ղրղզստանի և Չինաստանի նախագահները բանակցություններ են վարել Բիշքեկում․ ստորագրվել է 32 փաստաթուղթ
3 րոպեի ընթերցում
Բիշքեկում օգոստոսի 31-ին Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի և պետական այցով Ղրղզստան ժամանած Չինաստանի նախագահ Սի Ծինփինի միջև բանակցություններ են տեղի ունեցել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Ղրղզստանի նախագահի գրասենյակը։
Նախագահները բարձր են գնահատել երկկողմ հարաբերությունները։
Ըստ Ժապարովի՝ կարճ պատմական ժամանակահատվածում երկկողմ հարաբերությունները հասել են համապարփակ ռազմավարական գործընկերության մակարդակի։ Նա հավելել է, որ երկրների միջև համագործակցությունը մտել է իր զարգացման նոր «ոսկե շրջան»։
Չինաստանի նախագահն իր հերթին նշել է, որ երկու երկրների միջև համագործակցությունը ոչ միայն նպաստում է Ղրղզստանի և Չինաստանի ժողովուրդների բարեկեցությանը, այլև զգալի ներդրում է կատարում տարածաշրջանում խաղաղության, կայունության և կայուն զարգացման գործում։
Բանակցությունների ընթացքում հատուկ շեշտադրում է կատարվել Չինաստան-Ղրղզստան-Ուզբեկստան երկաթուղու շինարարության ընթացքի, Բեդելի անցակետի հետագա զարգացման և Բարսկուն-Բեդել մայրուղու շինարարության վրա։ Ընդգծվել է, որ այս ռազմավարական նախագծերի իրականացումը զգալիորեն կամրապնդի Ղրղզստանի տարանցիկ ներուժը, կընդլայնի տրանսպորտային կապը և կստեղծի Չինաստանի և Կենտրոնական Ասիայի միջև նոր տրանսպորտային և լոգիստիկ միջանցք:
Կողմերը քննարկել են նաև անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդումը, առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ընդլայնումը, համատեղ ձեռնարկությունների ստեղծումը, էներգետիկ ոլորտի զարգացումը, ինչպես նաև ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ հանքանյութերի արդյունահանման և վերամշակման ոլորտում նախագծերի իրականացումը։
Հատուկ ուշադրություն է դարձվել ագրոարդյունաբերական համալիրում համագործակցության խորացմանը, վերամշակման օբյեկտների ստեղծմանը և չինական շուկա էկոլոգիապես մաքուր ղրղզական գյուղատնտեսական արտադրանքի մատակարարման ընդլայնմանը։
Որպես համագործակցության հեռանկարային ոլորտներ նշվել են արհեստական բանականությունը, թվային ծառայությունները, էլեկտրոնային առևտուրը, տվյալների կենտրոնների կառուցումը և ղրղզական տնտեսության տարբեր ոլորտներում առաջադեմ տեխնոլոգիական լուծումների ներդրումը։
Ղրղզական «24» պարբերականի փոխանցմամբ՝ կողմերը ստորագրել են ընդհանուր առմամբ 32 փաստաթուղթ, որոնցից մի քանիսը վերաբերում են տնտեսական ոլորտին։ Ստորագրված համաձայնագրերը վերաբերում են Բեդելի անցակետի զարգացմանը, սահմանային կամրջի կառուցմանը, գիտությանը, կրթությանը, մշակույթին, սպորտին, լրատվամիջոցներին, ստանդարտացմանը և միջտարածաշրջանային հարաբերություններին։
Տեղեկությունների համաձայն՝ կողմերը ստորագրել են հավերժական բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագիր, ինչպես նաև նոր դարաշրջանում համապարփակ ռազմավարական գործընկերության բարձրորակ զարգացման վերաբերյալ համատեղ հռչակագիր։