956 հազար եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

3 րոպեի ընթերցում

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2026 թվականի մայիսի 30-ին ՀՀ ժամանած, ազգությամբ հայ, Նիդեռլանդների Թագավորության քաղաքացի Ս․Ն․-ն և ՀՀ քաղաքացի Մ․Ն.-ն, նախնական համաձայնությամբ գործելով խմբի կազմում, Գերմանիայից ձեռք բերելով առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցներ և այն մաքսանենգությամբ՝ առանց իրենց մոտ առկա կանխիկ դրամական միջոցների առկայության մասին մաքսային հայտարարագիր ներկայացնելու, կանխիկ դրամական միջոցների առկայության փաստը թաքցնելով՝ ապօրինի ՀՀ են տեղափոխել անվանական ծրարներով փաթեթավորված՝ 397 մլն 156 հազար 944 ՀՀ դրամին համարժեք 956 հազար 400 եվրոյի թղթադրամ: Այնուհետև, ՊԵԿ աշխատակիցների կողմից մաքսային զննման ենթարկվելու արդյունքում՝ նրանց ուղեբեռներում առկա հագուստների տարբեր հատվածներից հայտնաբերվել են տարբեր անվանական ծրարներով թաքցված՝ ընդհանուր 956 հազար 400 եվրո կանխիկ դրամական միջոցներ, որոնք առգրավվել են։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեից, նախաքննության ընթացքում Ս․Ն.-ի և Մ․Ն․-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական  համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով կանխիկ դրամական միջոցների և (կամ) վճարային գործիքների մաքսանենգություն):

Նրանցից մեկը կալանավորվել է, մյուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողությունը:

Կանխիկ դրամական միջոցները ճանաչվել են իրեղեն ապացույց՝ հետագայում մաքսանենգության առարկայի բռնագրավումը ապահովելու նպատակով։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հայերեն

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին