Մարտուն Գրիգորյանի որդու կողմից խուլիգանության և ֆիզիկական ներգործության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
3 րոպեի ընթերցում
Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի որդու՝ Կամո Գրիգորյանի կողմից ապօրինի զենք կրելու, խուլիգանության և ֆիզիկական ներգործության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։
«ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կ.Գ.-ն 2025 թվականի հունիսի 20-ին մի խումբ անձանց հետ Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտա 1/1 հասցեի դիմաց վիճաբանել է Վ.Կ.-ի հետ, որի ընթացքում՝ խմբի կազմում, իր կողմից ապօրինի կրած զենքի գործադրմամբ, հասարակության նկատմամբ ցուցաբերել է անհարգալից վերաբերմունք՝ հնչեցնելով սեռական բնույթի հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ: Այնուհետև, վճաբանության ընթացքում արձակվել է 2-ից 3 կրակոց, ինչի հետևանքով խափանվել է հասարակական նշանակության օբյեկտի բնականոն աշխատանքը և սննդի կետի աշխատակիցների մոտ առաջացել է վախի զգացում:
Բացի այդ, Կ.Գ.-ն մի խումբ անձանց հետ, փոխլրացնելով միմյանց գործողությունները, Վ.Կ.-ի նկատմամբ գործադրել է ֆիզիկական բռնություն, այն է՝ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Նախաքննության ընթացքում Կ.Գ.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը), 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը) և 334-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք կրելը), իսկ Վ.Կ.-ի նկատմամբ՝ 195-րդ հոդվածի 1-ին մասով (ֆիզիկական ներգործությունը), 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի ապօրինի շրջանառությունը):
Հունիսի 19-ին Շիրակի մարզային քննչական վարչություն է ներկայացվել հետախուզման մեջ գտնվող Կ.Գ.-ն, իսկ հաջորդ օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, որը հետագայում դատարանի որոշմամբ փոխվել է այլընտրանքային խափանման միջոցներով:
Կ.Գ.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
Հիշեցնենք, որ մյուս մեղադրյալի վերաբերյալ քրեական վարույթը մարտի 4-ին ուղարկվել է դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։