Թրամփը 100% մաքսատուրքեր է սահմանել որոշ ԱԹՍ-ների ներմուծման համար
2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է փաստաթուղթ, որով նախատեսվում է մաքսատուրքեր սահմանել անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) և դրանց բաղադրիչների ներմուծման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Սպիտակ տունը։
«Հռչակագրով 100% արժեքային մաքսատուրք է սահմանվում որոշակի չափերի կամ որոշակի հնարավորություններով անօդաչու թռչող սարքերի համար, որոնք հատկապես զգայուն են ազգային անվտանգության նպատակների առումով, այդ անօդաչու թռչող սարքերի արձակման կայանքների և այդ անօդաչու թռչող սարքերի որոշակի կարևոր բաղադրիչների համար: Այս կատեգորիան ներառում է 25 կիլոգրամից ավելի առավելագույն թռիչքային քաշ ունեցող ԱԹՍ-ները և ջերմային պատկերման հնարավորություններով ԱԹՍ-ները», - նշված է փաստաթղթում։
Բացի այդ, 25% արժեքային մաքսատուրք է սահմանվում որոշակի ԱԹՍ-ների ներմուծման համար, որոնք ավելի փոքր չափեր ունեն և չունեն այն հնարավորությունները, որոնք հատկապես վտանգում են ազգային անվտանգությունը։
Նաև, ըստ փաստաթղթի, 15% մաքսատուրք է սահմանվում «այն ԱԹՍ-ների և դրանց բաղադրիչների վրա, որոնք ներմուծվում են Եվրամիությունից, Ճապոնիայից, Լիխտենշտայնից, Կորեայի Հանրապետությունից, Շվեյցարիայից և Թայվանից», և 10% մաքսատուրք՝ Միացյալ Թագավորությունից ներմուծված ԱԹՍ-ների համար։
ԱՄՆ նախագահն այս քայլերը հիմնավորել է ազգային անվտանգության նկատառումներով։ Մասնավորապես, ըստ նրա, ամերիկյան ընկերությունները բավարար քանակությամբ անօդաչուներ չեն արտադրում, և Միացյալ Նահանգներն սկսել է չափազանց շատ կախվածություն ունենալ արտասահմանից դրանց մատակարարումներից։