Հայաստան

Թունավորման դեպքի պատճառով կասեցվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեությունը

2 րոպեի ընթերցում

Թունավորման դեպքի պատճառով կասեցվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեությունը

Մայրաքաղաքի Ազատության պողոտայում գտնվող «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեությունը կասեցվել է, քանի որ այդ օբյեկտում սնվելուց հետո «սուր աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել երեք անձ:

Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունը։

«Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ՊՈԱԿ-ից ստացված հաղորդագրության հիման վրա Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն էր սկսել «Բամբու» բար-ռեստորանում (ք. Երևան, Ազատության պողոտա 2/2), որի ընթացքում պարզվել է, որ բար-ռեստորանում չեն պահպանվում իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը, մասնավորապես՝ խոհանոցի պատի որոշակի հատվածներ չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանվող նյութերից, առաստաղները և վերին ամրությունները որոշ հատվածներում կառուցված չեն այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը և մասնիկների թափվելու հնարավորությունը, սննդամթերքի մշակման սեղանը և սառնարանի դարակաշարը, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից»,- նշված է հաղորդագրության մեջ։

Բար-ռեստորանի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

Հանրային սննդի կետում առկա սննդատեսակներից կատարվել է նմուշառում և տրվել լաբորատոր հետազոտության. արդյունքները կհրապարակվեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում