Ղալիբաֆը Թրամփին կոչ է արել դադարեցնել «թատրոնը» և կատարել պարտավորությունները
2 րոպեի ընթերցում

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը ձախողված է համարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ռազմավարությունը՝ կոչ անելով կատարել հակամարտության կարգավորման համար ստանձնած պարտավորությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրառում է կատարել X սոցիալական հարթակում։
«Ահաբեկումը, խոստումների խախտումը և կեղծ լուրերի օգտագործումը՝ որպես լծակ, ձախողված ռազմավարություն է։ Ընդունեք փաստերը և կատարեք ձեր պարտավորությունները։ Մեզ այլևս թատրոն պետք չէ», - նշել է Ղալիբաֆը:
Նա հիշեցրել է, որ Թրամփը վերջին շաբաթներին մե՛րթ խոստանում է նոր զանգվածային հարվածներ Իրանի տարածքին, մե՛րթ կրկին ասում է, թե Թեհրանը ցանկանում է բանակցություններ վարել։
«Դա կրկնվող թատերական դիվանագիտություն է», - գրել է Իրանի խորհրդարանի խոսնակը։
Միացյալ Նահանգների նախագահն օգոստոսի 7-ի գիշերը կրկին հայտարարել է, որ գոհ է, թե ինչպես են առաջ ընթանում Իրանի հետ բանակցությունները հակամարտության կարգավորման շուրջ՝ նշելով, որ արագ արդյունքների հասնելու հույս ունի։
«Ենթադրում եմ՝ շատ շուտով ամեն ինչ կավարտվի։ Կարծում եմ, որ իրանցիները չեն կարող երկար շարունակել դիմակայությունը», - Սպիտակ տանն ասել է Թրամփը լրագրողներին։
Օգոստոսի 5-ին Fox News-ի հետ հարցազրույցում նա հայտարարել էր, որ Թեհրանը շուտով կբացի Հորմուզի նեղուցը, այլապես ամերիկացի զինվորականները «շատ ուժգին հարված» կհասցնեն Իրանին: Օգոստոսի 6-ին էլ Թրամփը հայտարարել էր, որ Թեհրանի խնդրանքով չեղարկել է Իրանին լայնածավալ հարվածներ հասցնելու ծրագիրը։