Հայաստան

Առանձնապես խոշոր չափերով շորթման և դատավարության մասնակցի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

3 րոպեի ընթերցում

Առանձնապես խոշոր չափերով շորթման և դատավարության մասնակցի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ք․Ա․-ն 2025 թվականի նոյեմբերի 24-ից 26-ն ընկած ժամանակահատվածում նախնական հանցավոր համաձայնություն ձեռք բերելով Մ․Ա․-ի հետ, վերջինիս ընկերուհու նախկին ամուսնու՝ Ս․Ս․-ի մոտ վախի, տագնապի զգացողություն առաջացնելու և ներկայացված գույքային պահանջները կատարելուն ուղղված վճռականություն հարուցելու նպատակով՝ Ս․Ս․-ին ներկայացել է իբր քրեական ենթամշակույթին հարող՝ հոգեբանական ճնշում է գործադրելով նրա վրա:

Այնուհետև, Ք.Ա.-ն և Մ.Ա.-ն շանտաժի են ենթարկել Ս.Ս.-ին՝ սպառնալով սահմանափակել նրա իրավունքներն ու ազատությունները և ներկայացրել նախկին կնոջ ու նրա ընտանիքի անդամների օգտին գույքային բնույթի գործողություններ կատարելու՝ գրավադրված ոսկյա զարդերը գրավից ազատելու, նախկին կնոջ անվամբ բանկերից ստացված շուրջ 2.7 մլն ՀՀ դրամի վարկը մարելու և Երևանում գտնվող, նրան պատկանող 11 հզր ԱՄՆ դոլարին համարժեք 5.2 մլն ՀՀ դրամ արժողության տան նկատմամբ սեփականության իրավունքը նախկին կնոջ երեխաներին փոխանցելու պահանջներ, միաժամանակ նրան ենթարկել են հոգեբանական բռնության և նվաստացման՝ պատճառելով հոգեկան ուժեղ տառապանք։

Բացի այդ, Ք․Ա․-ն և Մ․Ա․-ն տեղյակ լինելով հիշյալ դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի մասին, տուժող Ս․Ս․-ին հարկադրել են ներկայանալ նախաքննական մարմին և հրաժարվել հայտնած տեղեկություններից՝ այդ կերպ խոչընդոտելով նրա դատավարական լիազորությունների իրականացմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, նախաքննության ընթացքում Ք․Ա.-ի և Մ․Ա․-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով շորթումը), 196-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) և 495-րդ հոդվածի 1-ին մասով (դատավարության մասնակիցների լիազորությունների իրականացումը խոչընդոտելը):

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը: 

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում