Իրավունք

ՔԿՀ-ում 10 հազար դոլարի շորթում կատարելու և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը ներգրավված լինելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

3 րոպեի ընթերցում

ՔԿՀ-ում 10 հազար դոլարի շորթում կատարելու և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը ներգրավված լինելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է քրեակատարողական հիմնարկում 10 հազար ԱՄՆ դոլարի շորթում կատարելու և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեից,  նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում պատիժ կրող Ա․Ա․-ն 2024 թվականի հունիս-հոկտեմբեր ամիսների ընթացքում նախնական հանցավոր համաձայնություն ձեռք բերելով նույն ՔԿՀ-ում պատիժ կրող Հ․Դ․-ի հետ, մեկ այլ դատապարտյալ Է․Տ․-ի մոտ վախի, տագնապի զգացողություն առաջացնելով և վերջինիս ներկայացված գույքային պահանջները կատարելուն ուղղված վճռականություն հարուցելու նպատակով՝ ներկայացել է իբր դատապարտյալների միջև առաջացած բոլոր խնդիրներին և հարցերին ինքնուրույն լուծումներ տվող անձ, որից հետո վերջիններս փոխլրացնելով միմյանց գործողությունները՝ Է․Տ․-ին ներկայացրել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորման նպատակների իրականացման համար գույքային բնույթի գործողություններ կատարելու՝ գումարներ տրամադրելու պահանջներ, որի ընթացքում դանակի միջոցով բռնություն գործադրելու սպառնալիքով նրանից պահանջել և նույն ժամանակահատվածում մաս-մաս ստացել են խոշոր չափերով՝ ընդհանուր շուրջ 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար:

Նախաքննության ընթացքում Ա․Ա.-ի և Հ․Դ․-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ 10-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով շորթումը, որը կատարվել է քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձի նկատմամբ) և 324-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը):

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։  

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում