Իրավունք

«Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

3 րոպեի ընթերցում

«Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից՝ ներկայացնելով մանրամասներ։

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս.Պ.-ն իր ազգական Հ.Պ.-ի հետ նախնական համաձայնությամբ մեկնել են «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների առուվաճառքով զբաղվող օգտատիրոջ կողմից մատնանշված վայր և թաքստոցից վերցրել 10 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում չեն ավարտել հանցագործության կատարումը, քանի որ ձերբակալվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Նախաքննության ընթացքում Ս.Պ.-ի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են իրացնելու նպատակով ապօրինի ձեռք բերված «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, էլեկտրոնային կշեռքներ, ինքնասոսնձվող ժապավեններ և պոլիէթիլենային փաթեթներ, որոնք առգրավվել են»,– նշված է Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

Ս.Պ.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով

Աառանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության կամ դրանք ապօրինի իրացնելու փորձը), 393-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը), իսկ Հ.Պ.-ի նկատմամբ՝ 44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության կամ դրանք ապօրինի իրացնելու փորձը)։

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։ 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում