Կարկտապաշտպան համակարգ ներդրած տնտեսավարողների վարկային արտոնությունները կընդլայնվեն. նախագիծ
3 րոպեի ընթերցում
Պետական աջակցության ծրագրերով հիմնված այգիներում, առանց այգեհիմնման կարկտապաշտպան համակարգ ներդրած տնտեսավարողների համար նախատեսվում է երկարաձգել վարկերի մարման ժամկետը և տրամադրել մայր գումարի մարման լրացուցիչ արտոնյալ ժամանակահատված։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան նախագիծը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Նախագծով առաջարկվում է վարկի մարման ժամկետը երկարաձգել մեկ տարով և տրամադրել վարկի մայր գումարի մարման լրացուցիչ մեկ տարվա արտոնյալ ժամկետ այն շահառուներին, որոնց մայր գումարի արտոնյալ ժամկետն արդեն լրացել է։
Փոփոխությունը վերաբերում է պետական աջակցության ծրագրի շրջանակում հիմնված շուրջ 66 հեկտար հողամասդերում առանց այգեհիմնման կարկտապաշտպան ցանցեր ներդրած չորս շահառուի։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ արտոնությունների անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանից բուսական արտադրանքի արտահանման նկատմամբ կիրառվող սահմանափակումներով, որոնց հետևանքով պտղաբուծական և այգեգործական արտադրանք արտահանող տնտեսավարողները ֆինանսական կորուստներ են կրում։
Նման արտոնություններ ավելի վաղ՝ կառավարության 2026 թվականի հունիսի 25-ի որոշմամբ, սահմանվել էին ինտենսիվ այգեգործության պետական աջակցության ծրագրերով այգեհիմնում իրականացրած շահառուների համար։ Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է համանման պայմաններ ապահովել նաև միայն կարկտապաշտպան համակարգ ներդրած շահառուների համար։
Նախագծով նախատեսվում է նաև արտոնությունից օգտվելու նպատակով ֆինանսական կազմակերպություն դիմելու վերջնաժամկետը 2026 թվականի սեպտեմբերի 1-ից երկարաձգել մինչև հոկտեմբերի 1-ը։
Հիմնավորման համաձայն՝ մի շարք պտղատեսակների բերքահավաքն ու իրացումն իրականացվում են սեպտեմբերին, ինչի պատճառով գործող վերջնաժամկետը տնտեսավարողներին հնարավորություն չի տալիս ամբողջությամբ գնահատել արտահանման սահմանափակումների հետևանքները։
2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ պետական աջակցության ծրագրերի շրջանակում Հայաստանում կարկտապաշտպան ցանցեր են ներդրվել ընդհանուր 3507 հեկտար տարածքում, որից շուրջ 3250 հեկտարը՝ վարկային բաղադրիչով։
Նախագծի ընդունման դեպքում 2026 թվականի պետական բյուջեի լրացուցիչ ծախսը կկազմի շուրջ 2.6 միլիոն դրամ։ Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։