Իրան

Արաղչին նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից իրանական ակտիվների բռնագրավման հետևանքների մասին

2 րոպեի ընթերցում

Արաղչին նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից իրանական ակտիվների բռնագրավման հետևանքների մասին

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին վտանգավոր նախադեպ է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունը, որ ԱՄՆ-ում պահվող Իրանի սառեցված ակտիվները կօգտագործվեն Մերձավոր Արևելքում նավերին և բեռներին պատճառված վնասի փոխհատուցման համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։

«Մեկ այլ երկրի ակտիվների բռնագրավումը՝ չկապակցված ապագա պահանջների համար վճարելու նպատակով, վտանգավոր նախադեպ է։ Նրանք, ովքեր ողջունում են դա կամ շահույթ են ստանում այս միջոցներից, պետք է հիշեն՝ երբ կառավարությունները սովորական դարձնեն բռնագրավումը, ոչ մեկի ակտիվներն անվտանգ չեն լինի։ Հետագա քաոսը գեղեցիկ կամ խաղաղ չի լինի», - նշել է Արաղչին։

Թրամփն իրանական սառեցված միջոցներով նավերին վնասի համար փոխհատուցելու մասին հայտնել է հուլիսի 23-ին։

Թրամփի գրառումը կատարվել է այն բանից հետո, երբ Իրանի կողմից աջակցվող հութի ապստամբները Կարմիր ծովում թիրախավորել են Սաուդյան Արաբիայի նավերը, ինչի հետևանքով հուլիսի 23-ին նավթի գինն այս տարվա մայիսից ի վեր առաջին անգամ բարձրացել է մեկ բարելի դիմաց մինչև 100 դոլար։

Ակտիվների ապասառեցումը Թեհրանի համար կարևոր կետ էր հունիսին Իրանի և Միացյալ Նահանգների միջև կնքված փոխըմբռնման հուշագրում, որը, սակայն հուլիսին խախտվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն վերսկսեց Իրանի դեմ հարվածները Թեհրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի թիրախավորման պատճառով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում