Ռուբիոն հայտարարել է Ռուսաստանի և Չինաստանի ԱԳ նախարարների հետ հանդիպման պատրաստակամության մասին
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ պատրաստ կլինի հանդիպմանը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի հետ Ֆիլիպիններում Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) միջոցառումների շրջանակներում։
«Վստահ չեմ, որ դա վերջնականապես համաձայնեցված է։ Բայց մենք պատրաստ կլինենք հանդիպելու նրանց հետ», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Ռուբիոն՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե Ֆիլիպիններում կայանալիք միջոցառումների շրջանակում պատրաստ է արդյոք հանդիպել Սերգեյ Լավրովի կամ Վան Իի հետ։
Ինչպես ավելի վաղ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը, ԱՄՆ-ի դիվանագիտության ղեկավարը Մանիլայում կլինի հուլիսի 19-23-ը։ Նա երկկողմ հանդիպումներ կունենա Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի մի շարք երկրների պաշտոնատար անձանց հետ։
Լավրովը ևս Մանիլայում մասնակցելու է ԱՍԵԱՆ-ի նախարարական մակարդակի որոշ միջոցառումների։ Ինչպես ավելի վաղ հաստատել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Լավրովը կմասնակցի այդ միջոցառումներին հուլիսի 21-ից մինչև 23-ը։