4 րոպեի ընթերցում
Գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանի տնօրինության տակ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Factor TV-ին տված հարցազրույցում այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Այդ շինությունը կառուցված է եղել համայնքային տարածքի, անօտարելի հողի վրա, կառուցված եղել է խախտումներով, և պայմանագրի համաձայն՝ կողմերից մեկը, այսինքն՝ Երևանի քաղաքապետարանը, խզել է պայմանագիրը և շենքն ամբողջությամբ անցել է Երևանի քաղաքապետարանին։ Դրա վերաբերյալ հետագայում անպայման հայտարարություններ կլինեն»,- ասել է Երևանի քաղաքապետարանը։
Հարցին, թե ե՞րբ են արձանագրվել խախտումները, Ավինյանը հստակեցրել է, որ խախտումներն արձանագրվել են դեռևս մեկ տարի առաջ։ «Նրանց հետ տարբեր քննարկումներ ունեցել ենք, լուծումներ այդպես էլ չեն գտնվել, և դրանից հետո արդեն վերջնական որոշումները կայացվել են»։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք դա կապված է Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված քրեական վարույթի և դրա շրջանակներում իրականացվող գործընթացների հետ՝ Տիգրան Ավինյանն ասել է.
«Ոչ, կապ չունեն, կոնկրետ այս գործընթացը սկսվել էր շատ ավելի վաղ, և այս գործընթացն, անկախ որևէ պրոցեսից, տեղի էր ունենալու»։
Թե ինչ նպատակներով է շենքն օգտագործվելու, Ավինյանն ասել է, որ այդ հարցը դեռ կքննարկեն, սակայն շեշտել է, որ այնտեղ մարզվողներ կան, որոնց իրավունքները պետք է պաշտպանվեն։
Երևանի քաղաքապետի խոսքով՝ այն շարունակելու է գործել որպես մարզական կենտրոն՝ արդեն որոշակի սոցիալական կոմպոնենտներ հաշվի առնելով։
Հիշեցնենք, որ գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության և փողերի լվացման հոդվածներով։ Իրավապահ մարմինները հուլիսի 6-ին խուզարկություններ էին իրականացրել Ծառուկյանի առանձնատանը և նրան պատկանող շուրջ 70 հասցեներում։ Խուզարկությունների ավարտից հետո Ծառուկյանը ձերբակալվել էր, իսկ հուլիսի 7-ին դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանքը։ Քրեական վարույթի շրջանակներում ժամանակավորապես կասեցվել էր Գագիկ Ծառուկյանին պատկանող ձեռնարկությունների, այդ թվում՝ «Մուլտի Վելնես» մարզասրահի գործունեությունը։
Հուլիսի 16-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել է, որ ապօրինի գույքի բռնագանձման շրջանակներում դատարան ներկայացված հայցադիմումով պահանջվում է Գագիկ Կոլյայի Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և 10 գույքի շուկայական արժեք, որոնցից 57-ը գտնվում են Երևան քաղաքում, 42 տրանսպորտային միջոց, 38 իրավաբանական անձանցում մասնակցություն, որոնց թվում են՝ «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ն, «Մուլտի Ավտոտրանս» ՍՊԸ-ն, «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ն և այլ իրավաբանական անձինք, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ, որը ներառում է ապօրինի եկամտի մնացորդը և ծախսը, ինչպես նաև տրված փոխառությունները, զիջված պահանջի իրավունքը և 5 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք: