2 րոպեի ընթերցում
Իրանի իշխանությունները թույլատրել են լրտեսության մեջ մեղադրվող, ԱՄՆ և Իրանի քաղաքացի հանդիսացող Դենա Քարարիին հեռանալ Իսլամական Հանրապետությունից։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին X-ում հայտնել է նրա փաստաբան Ջարեդ Գենսերը։
«Ուրախ եմ հայտարարելու, որ Դենա Քարարին, որը 2024 թվականի դեկտեմբերից չէր կարողանում հեռանալ Իրանից կեղծ մեղադրանքների պատճառով, այժմ ազատ է», - գրել է նա։ Գենսերը պարզաբանել է, որ Քարարին «անվտանգ է և վերադառնում է ԱՄՆ»։
Քարարին Իսլամական Հանրապետությունում մեղադրել էին լրտեսության և թշնամական պետության հետ համագործակցության մեջ։ Թեև նա ձերբակալված չէր, սակայն Քարարիի նկատմամբ Իրանի իշխանությունները կիրառել էին երկրից դուրս գալու արգելք։
CBS News-ի երկու աղբյուրների փոխանցմամբ՝ Քարարին հուլիսի 8-ին սրտի կաթված է ստացել։
Երկու աղբյուրներ հայտնել են նաև, որ Քարարիի անունը ներառված էր այն ամերիկացիների ցանկում, որը ԱՄՆ պետդեպարտամենտը փոխանցել էր ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆին՝ Իրանի հետ դիվանագիտական բանակցությունների ընթացքում նրա ազատ արձակումը պահանջելու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 15-ին Truth Social-ում գրել էր, որ Իրանը ազատ է արձակել ԱՄՆ քաղաքացու, սակայն չէր նշել նրա անունը։
«Նա այժմ ապահով կերպով դուրս է եկել Իրանից և գտնվում է լավ վիճակում։ Ամերիկայի Միացյալ Նահանգները գնահատում է Իրանի այս բարի կամքի դրսևորումը»,- գրել էր Թրամփը։