Իրան

ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են փոխադարձ հարվածները

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են փոխադարձ հարվածները

ԱՄՆ-ի զինված ուժերը հայտարարել են, որ ավարտել են Իրանի դեմ հարվածների ևս մեկ ալիք:

«ԱՄՆ-ի զինված ուժերը խոցել են Իրանի հրամանատարական կենտրոնները, հակաօդային պաշտպանության համակարգերի տեղակայման վայրերը, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի դիրքերը, ինչպես նաև ափամերձ դիտակետերը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասվում է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) X-ի էջում հրապարակված հաղորդագրությունում։

CENTCOM-ի տվյալներով՝ ամերիկյան զինված ուժերը կիրառել են բարձր ճշգրտության զենքեր, հարվածներ են հասցվել նաև Բանդար Աբբաս քաղաքին։

Ամերիկյան կողմի հարվածների հետևանքով Թեհրանում գործարկվել են հակաօդային պաշտպանության համակարգերը։ Իրանական լրատվամիջոցները հաղորդել են հարվածների մասին Բանդար Աբբասում, Ղեշմ կղզում, Սիրիկում, Չաբահարում, Քոնարակում, Ռասքում, Խոնդաբում, Խորրամաբադում և Սեմնանում։

Իրանը հայտարարել է, որ պատասխան հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումներ է իրականացրել Բահրեյնում, Քուվեյթում և Հորդանանում տեղակայված ամերիկյան ռազմական օբյեկտների դեմ։

Իրաքի վարչապետ Ալի ալ-Զայիդին դատապարտել է երկրի հյուսիսում՝ Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում իրականացված անօդաչու թռչող սարքերի հարձակումները։ X սոցիալական հարթակում կատարած գրառման մեջ ալ-Զայիդին նշել է, որ Իրաքը «խստորեն դատապարտում է» հարձակումը և չի հանդուրժի երկրի կայունությունն ու անվտանգությունը խաթարելու որևէ փորձ։ Նա հավելել է, որ անվտանգության մարմիններին հանձնարարել է համագործակցել Քրդստանի տարածաշրջանային ուժերի հետ՝ հետագա հարձակումները կանխելու նպատակով։

Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Էրբիլի ոստիկանությունը հաղորդել է հինգ անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին։ Ոստիկանության տվյալներով՝ դրանցից մեկը խոցվել է ԱՄՆ հյուպատոսության մերձակայքում, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, և գործարկվել է դիվանագիտական առաքելության հակաօդային պաշտպանության համակարգը։ Ոստիկանությունը նաև հայտնել է, որ ևս երկու անօդաչու թռչող սարք ընկել է քաղաքի ծայրամասում գտնվող ամերիկյան ռազմաբազայի հարակից տարածքում։

Շարունակվող լարվածության ֆոնին արդեն չորրորդ օրն անընդմեջ բարձրացել են նավթի գները․Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը հասել է 85.28 դոլարի։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում