Իրան

Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի

2 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի նկատմամբ սահմանվում է լիակատար ծովային շրջափակում՝ ընդգծելով, որ Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի հետ առնչվող բեռնափոխադրումների։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թրամփը համապատասխան հայտարարությունը հրապարակել է Truth Social սոցիալական հարթակում՝ նշելով, որ ԱՄՆ զինված ուժերի գործողությունների շնորհիվ նավթի մատակարարումները շարունակվում են «աննախադեպ ծավալներով»։

Նա շնորհակալություն է հայտնել ԱՄՆ պատերազմի քարտուղար Փիթ Հեգսեթին, Միացյալ շտաբերի պետերի կոմիտեի նախագահ Դեն Քեյնին, ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հրամանատար, ծովակալ Բրեդ Կուպերին, ինչպես նաև ամերիկացի զինծառայողներին։

«Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի։ Մենք կիրականացնենք լիակատար շրջափակում, սակայն այն կվերաբերի միայն Իրանի նավահանգիստներ մեկնող կամ այնտեղից դուրս եկող նավերին, ինչպես նաև իրանական բեռներ տեղափոխող նավերին», - նշել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը նաև հայտարարել է, որ Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ ունեցած բանակցություններից հետո հրաժարվել է նախկինում առաջարկված ԱՄՆ-ի համար 20 տոկոսի չափով փոխհատուցման վճարի գաղափարից՝ այն փոխարինելով առևտրային և ներդրումային համաձայնություններով։

Նրա խոսքով՝ Ծոցի երկրները նախատեսում են իրականացնել «հսկայական ներդրումներ» ԱՄՆ տնտեսությունում, ինչը կհանգեցնի նոր գործարանների, արտադրական հզորությունների և սարքավորումների ստեղծմանը, ինչպես նաև միլիոնավոր բարձր վարձատրվող աշխատատեղերի բացմանը։

Թրամփը հրապարակման մեջ կրկին հայտարարել է, որ Իրանը երբեք չի ունենա միջուկային զենք՝ պնդելով, որ «Իրանի՝ հարյուր հազարավոր մարդկանց, այդ թվում 52 հազար ցուցարարների սպանելու օրերն ավարտվել են»։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում