Դատարանի դահլիճում 18 անձի կողմից կատարված խուլիգանության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
2 րոպեի ընթերցում

Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2026 թվականի ապրիլի 1-ին Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Չարենցավանի նստավայրում, դատական նիստի ընդմիջման ժամանակ, տուժողի ներկայացուցիչները և մեղադրյալները դրսևորել են անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք, քաշքշել և հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին, վնասել են դատարանի գույքը՝ խաթարելով դատական նիստի բնականոն ընթացքը:
«Նշված միջադեպի ժամանակ մարմնական վնասվածք է ստացել դատական նիստի ընթացքում ծառայություն իրականացնող կարգադրիչը»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են Քննչական կոմիտեից։
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում հսկող դատախազի որոշմամբ 18 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից):
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։