Հուլիսի 2-ի միջոցառումների անոնս

6 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

02 հուլիս,  2026           

ՀՀ ԱԺ

Ժամը 09:00-ին Ազգային ժողովի 214 դահլիճում տեղի կունենա Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

Ժամը 10:00-ին Ազգային ժողովի 414 դահլիճում կկայանա Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը:

Ժամը 11:00-ին Ազգային ժողովում ՀՀ կառավարության նախաձեռնությամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:

ՀՀ կառավարություն

Ժամը 16:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

Պետական կառույցներ

Ժամը 10:00-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա հայրենադարձության 80-ամյակին նվիրված՝ «Հայրենադարձության շերտերը» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողով։ Գիտաժողովը նպատակ ունի նորովի բացահայտելու 1946-1948թթ. հայրենադարձությանն առնչվող թանգարանային հավաքածուները, քննարկելու երևույթի սոցիալական, մշակութային և պատմական տարբեր շերտերը։ Նույն օրը՝ ժամը 18:00-ին Հայաստանի պատմության թանգարանում հանդիսավոր կերպով կբացվի «Հայաստան. բաց դուռ» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։ +374 94046743:

Ժամը 14:30-ին «Դվին» հյուրանոցում (Պարոնյան փողոց 40) Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան (ՀՀՄԱ) հրավիրում է լուսաբանելու Ասոցիացիայի տարեկան հաշվետու համաժողովը։ Բացման և ողջույնի խոսք՝ ՀՀՄԱ տնօրեն Վոլոդյա Կիրակոսյան: Ողջույնի խոսքեր՝ ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ  Խուդաթյան, ՀՀ էկոնամիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյան, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյան, Հայաստանի երկրաբանների միության նախագահ Վահան Գրիգորյան, Համաժողովին կմիանա նաև Հանքարդյունաբերության և մետաղների միջազգային խորհրդի (ICMM) նախագահ, ICMM գլխավոր գործադիր տնօրեն Ռոհիտեշ Դհավանը (հեռավար ելույթ): Համաժողովի շրջանակներում կամփոփվեն Ասոցիացիայի տարեկան գործունեության արդյունքները, կներկայացվեն իրականացված ծրագրերը, ռազմավարական ուղղությունները և միջազգային ինտեգրման քայլերը, ինչպես նաև կներկայացվի «Mining Armenia Forum 2026» միջազգային ֆորումի հայեցակարգը և առաջիկա ծրագրերը։ Միջոցառման առանցքային իրադարձություններից են լինելու ՀՀ ՏԿԵ նախարարության և ՀՀՄԱ-ի, ինչպես նաև Հայաստանի երկրաբանների միության և Ասոցիացիայի միջև պաշտոնական համագործակցության հուշագրերի ստորագրումը։ ՀՀՄԱ  նախագահ Վարդան Ջհանյան:

Մամուլի ակումբներ

Ժամը 14:00-ին  Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա Մոսկվա-Երևան տեսակամուրջ. «Արժեքների վրա հիմնված մոտեցո՞ւմ, թե՞ քաղաքական հաշվարկ» թեմայով: Հունիսի 28-ին Իսրայելի կառավարությունը հաստատեց Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Փաստաթուղթը շուտով կներկայացվի Քնեսեթի քննարկմանը: Ի՞նչ է սա՝ մարդասիրական արժեքների վրա հիմնված մոտեցո՞ւմ, թե՞ սառը քաղաքական հաշվարկ՝ հաշվի առնելով թուրք-իսրայելական հարաբերությունների ներկայիս վիճակը: Ինչպե՞ս կզարգանան Իսրայելի հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ, հաշվի առնելով, որ Թուրքիան և Ադրբեջանն արդեն շատ զգայուն են արձագանքել Իսրայելի իշխանությունների որոշմանը: Այս և այլ հարցերի կպատասխանի Իսրայելի «Նատիվ» գաղտնի ծառայության նախկին ղեկավար, քաղաքագետ Յակով Կեդմին:

Մշակույթ

Ժամը 13:00-ին Մատենադարանի գիտական մասնաշենքի Հր.Թամրազյան դահլիճում տեղի կունենա Մատենադարանի ավագ գիտաշխատող, արվեստագիտության դոկտոր-պրոֆեսոր Հրավարդ Հակոբյանի ծննդյան 95-ամյակին նվիրված միջոցառում, որի շրջանակում կկայանա «Խիզանի մանրանկրչության արվեստանոցը» գրքի շնորհանդեսը և «Կյանքը Մատենադարանում» վավերագրական ֆիլմի պրեմիերան: Հրավարդ Հակոբյանը ՀՀ գիտության վաստակավոր գործիչ է, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր: 1959թ-ից աշխատում է Մատենադարանում՝ սկզբում որպես կրտսեր գիտաշխատող, այնուհետև երկար տարիներ զբաղեցրել է կառույցի միջնադարյան արվեստի բաժնի ղեկավարի պաշտոնը: Եղել է Մատենադարանի գիտական խորհրդի անդամ, 2016թ-ից՝ հոգաբարձուների խորհրդի անդամ:

Ժամը 13:00-ին «Երիտասարդական» մետրոյի կայարանի հետնամասում կկայանա արարողություն: ՀՀ-ում Իսպանիայի դեսպանությունը, Հայաստանում Իսպանիայի պատվավոր հյուպատոսության աջակցությամբ, հրավիրել է իսպանացի քանդակագործ Կառլոս Գարսիա Լահոսին, ով «Եվրոպայի ութ քաղաքներ՝ միավորված արվեստով» միջազգային նախագծի հեղինակն է, որը խորհրդանշում է մշակույթների միջև կապը, բարեկամությունն ու միասնությունը։ Երևանը կդառնա այս նախագծի 5-րդ քաղաքը՝ միանալով մյուս քաղաքներին։ Միջոցառմանը ներկա կլինի քանդակագործը, կլինեն հյուրեր և կլինի նկարահանումների ու հարցազրույցների հնարավորություն։

Ժամը 18:00-ին Հայաստանի պատմության թանգարանում (այցելուների համար հուլիսի 3-ից) հանդիսավոր կերպով կբացվի «Հայաստան. բաց դուռ» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը՝ նվիրված Մեծ հայրենադարձության 80-ամյակին։ Ցուցահանդեսի շրջանակներում առաջին անգամ մեծ ծավալով կներկայացվեն 1946-1949 թթ. հայրենադարձված ընտանիքների մասնավոր արխիվները՝ Հայաստանի պատմության թանգարանի պահոցներից ընտրված ինքնատիպ նյութերի համադրությամբ։ Այս աննախադեպ ցուցահանդեսն իրականացվում է Հայաստանի պատմության թանգարանի և «Ֆակտում» փաստագրական կենտրոնի համագործակցությամբ։

Հայերեն Русский