ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը կմասնակցի ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
3 րոպեի ընթերցում
Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը կմասնակցի Հայաստանում հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Սահմանադրական դատարանից։
ՍԴ-ից հայտնում են, որ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի՝ Սեդա Սաֆարյանի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության մասին հունիսի 23-ի միջնորդությունը Սահմանադրական դատարանի կողմից քննության առարկա չի դարձել։
Սահմանադրական դատարանը պարզաբանում է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի համաձայն՝ ՍԴ դատավորի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարց կարող են բարձրացնել միայն Սահմանադրական դատարանի դատավորները։
Միևնույն ժամանակ ՍԴ-ից հայտնում են, որ հունիսի 21-ի աշխատակարգային նիստում Սահմանադրական դատարանի դատավորներն արդեն իսկ բարձրացրել էին ՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանի, Վլադիմիր Վարդանյանի և Սեդա Սաֆարյանի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարցը։
Քվեարկության արդյունքներով Սահմանադրական դատարանը Արտակ Զեյնալյանի և Վլադիմիր Վարդանյանի մասով ընդունել է գործի քննությանը մասնակցելու անհնարինության մասին որոշումներ։
Սեդա Սաֆարյանի մասով նման որոշում չի ընդունվել, քանի որ այն չի ստացել օրենքով նախատեսված թվով դատավորների կողմ ձայները։
Սահմանադրական դատարանից հիշեցնում են, որ նման աշխատակարգային որոշումն ընդունվում է ՍԴ դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով։
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 14-ին ամփոփել էր հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Ընտրությունների արդյունքներով խորհրդարան է անցել երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (726 հազար 819 ձայն, 49.7456 տոկոս), «Ուժեղ Հայաստան» դաշինքը (340 հազար 006 ձայն, 23.2710 տոկոս) և «Հայաստան» դաշինքը (144 հազար 983 ձայն, 9.9231 տոկոս): «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նոր ձևավորվելիք խորհրդարանում կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 29 մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ։
Ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումներ են ներկայացրել «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Հայաստան» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Միասնության թևեր» կուսակցությունը, «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունը, «Նոր ուժ» կուսակցությունը և «Հանուն հանրապետության» կուսակցությունը։
Սահմանադրական դատարանը որոշել է ընտրությունների արդյունք ները վիճարկելու վերաբերյալ 7 քաղաքական ուժերի դիմումները միավորել և քննել մեկ նիստում, որը կկայանա հունիսի 26-ին։