Իրավունք

Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի. Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Պրոբացիայի ծառայության միջնորդությունը

2 րոպեի ընթերցում

Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի. Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Պրոբացիայի ծառայության միջնորդությունը

Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Պրոբացիայի ծառայության միջնորդությունը՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ նշանակված՝ ՏԻՄ մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելու պատիժն ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գործը քննել է Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ։

Դատարանը համաձայնել է պաշտպանական կողմի դիրքորոշմանը՝ արձանագրելով, որ գործող իրավակարգավորումները վատթարացնում են Առուշ Առուշանյանի իրավական վիճակը, քանի որ արարքը կատարելու և դատապարտվելու պահին նման իրավահարաբերություններ առկա չեն եղել։

2022 թվականին Առուշ Առուշանյանը մեկ դրվագով արդարացվել էր, իսկ մյուսով՝ դատապարտվել 1 տարի 6 ամիս ազատազրկման։ Կալանքի տակ անցկացրած ժամկետը հաշվակցելուց հետո վերջնական պատիժ էր սահմանվել 6 ամիս ազատազրկումը, որը պայմանականորեն չէր կիրառվել։ Նա նաև 5 տարի ժամկետով զրկվել էր ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից։

Ավելի ուշ Պրոբացիայի ծառայությունը դիմել էր դատարան՝ պնդելով, որ Առուշանյանը խուսափում է պատժի կատարումից։

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Պրոբացիայի ծառայության միջնորդությունը՝ 5 տարվա պաշտոնավարման արգելքը փոխարինելով 1 տարի 8 ամիս 3 օր ազատազրկմամբ։ Վերաքննիչ դատարանը հետագայում վերջնական պատիժ էր սահմանել 1 տարի 11 ամիս ազատազրկումը։

Վճռաբեկ դատարանը, սակայն, արձանագրել էր ընդդատության խախտում և գործն ուղարկել Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում