Իրավունք

3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

2 րոպեի ընթերցում

3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ավարտվել է 3 անձի կողմից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի վերաբերյալ քննված քրեական վարույթի նախաքննությունը։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից իրականացված մեծածավալ  միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ Ս․Հ․-ն, Ն․Մ․-ն և Ս․Հ․-ն 2025 թվականի դեկտեմբերին, նախնական համաձայնությամբ, փորձել են իրացման նպատակով ձեռք բերել մաքսանենգ ճանապարհով ՀՀ տեղափոխված առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 5.5 կգ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը:

Մասնավորապես՝ օտարազգի քաղաքացին սահմանով՝ Արաքս գետի վրայով մաքսանենգ ճանապարհով տեղափոխել է թմրամիջոցը և թաքցրել ՀՀ տարածքում, որից հետո Ս․Հ․-ի և Ն․Մ․-ի հետ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում նրանցից մեկին է տրամադրել ՀՀ տարածքում նախապես թաքցված թմրամիջոցի գտնվելու վայրի մասին տվյալները, սակայն ՀՀ քաղաքացին թմրամիջոցը վերցնելու պահին հայտնաբերվել ու ձերբակալվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից։

Ս․Հ․-ի, Ն․Մ․-ի և Ս․Հ․-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնելու փորձը):

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը:

3 անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ: 

 Ծանուցում․ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում